«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը «ուղիղ հարված» է համարում իրեն, որի նպատակն է «թույլ չտալ կուսակցությանը անցնել խորհրդարան»:

«Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է», - հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ-ն, որ նախնական արդյունքներով չի հաղթահարել խորհրդարան անցնելու 4 տոկոսի շեմը, այս օրերին փորձում է վերահաշվարկի միջոցով ստանալ պակասող 0.004 տոկոսը:

ԿԸՀ երեկ ուշ երեկոյան կայացած նիստում անվավեր ճանաչեց 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ այդտեղ քվեարկողների թիվը 0 համարեց:

«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը», - «Ֆեյսբուքում» գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, թե բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը:

Վիճահարույց տեղամասերում քվեարկել էին զինվորները, ընդ որում՝ քվեարկությունը տեղի էր ունեցել ժամը 20:00-ից, այսինքն տեղամասերի փակվելուց հետո: Ընդդիմությունը և դիտորդները սա խախտում էին համարել:

Արձագանքելով ընդդիմադիր ուժերի պնդումներին, որ անվավեր ճանաչելով «գողացվել են ԲՀԿ-ի քվեները», իշխող «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր հերթին ընդդիմադիր ուժերին է մեղադրել. - «Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։ Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ«Ուժեղ Հայաստան»-ը վաղը ԿԸՀ-ից կպահանջի չեղարկել ընտրության արդյունքներըՓաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետՎերահաշվարկը շարունակվում է, ԿԸՀ նախագահը հունիսի 14-ին իդեալական արդյունքներ է խոստանումՔրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ում