ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից. Միրզոյան

ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, իսկ Երևանի օրակարգում, ըստ նրա, այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա:

Միրզոյանն այսօր պնդում էր, որ ինքն էլ չի հասկանում՝ ի՞նչ նկատի ուներ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ երեկ ասում էր՝ մայիսի վերջին Աստանայում ծրագրված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»

Միրզոյանից «Ազատությունն» այսօր հետաքրքրվել է՝ Երևանը տեղեկացվա՞ծ է՝ հնարավո՞ր է միությունը լքելու հարց դրվի:

«Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ: Խոսել միշտ կարող են, մենք էլ միշտ կարող ենք մասնակցել ցանկացած թեմայով խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չի, հետևաբար այդ քննարկումը շատ սիրողական կամ փիլիսոփայական բնույթ կարող է կրել: Եթե որևէ մեկը հարց ունի, կարող ենք քննարկել, ոչ մի խնդիր չեմ տեսնում», - պատասխանեց ԱԳ նախարարը:

Միրզոյանն այսօր ԵԱՏՄ կանոնադրությանն էր հղում անում. դրանով, ասում է, նախատեսված չէ, որ անդամ երկրները կարող են դիտարկել մեկի լիարժեք անդամ չլինելու հարցը:

«Բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն, և կազմակերպության անդամությունից որևէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չի», - ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել:

Հայ-ռուսական լարվածության շրջանում հայ գործարարները կամ բեռնափոխադրողները պարբերաբար ահազանգում են արտահանման դժվարությունների մասին: Ավելին՝ Կրեմլում Փաշինյանին ընդունած Պուտինն անձամբ էր հիշեցրել, որ Ռուսաստանը Հայաստանին գազը ցածր գնով է վաճառում:

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև արագ ընտրություն կատարելու կոչերը հաճախակիացան Հայաստանում Եվրամիության բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մայիսին անցկացված երկու գագաթնաժողովներից հետո: Մեկին նաև Ուկրաինայի նախագահն էր մասնակցում, ինչի դեմ անթաքույց դժգոհեց պաշտոնական Մոսկվան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը ԵրևանումԵրևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին

Մոսկվայից պնդում են՝ «երկու աթոռին միաժամանակ հնարավոր չէ նստել». «Հայկական կողմը հայտարարում է, որ նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր»:

Վերջինը Ռուսաստանի կառավարությունում ԵԱՏՄ-ի հարցերով զբաղվող փոխվարչապետ Օվերչուկի կողմնորոշվելու կոչն էր՝ զուգորդված Հայաստանի կարգավիճակի հարցի քննարկման անոնսով:

Երևանից նույն պատասխան է հնչում՝ ԵԱՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ, ԵՄ-ի հետ հարաբերությունները կշարունակեն խորացնել, երբ գա ընտրության պահը, կհայտարարեն: Իսկ վարչապետ Փաշինյանն այսօր և՛ բողոքեց ընդդիմադիրների շարքերում ռուսական հատուկ ծառայության գործակալներից, և՛ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողությունների չեն գնալու, հակառակը հարաբերությունները խորացնելու են: Երեկ ասում էր՝ «գործակալներին Հայաստան ուղարկելն այդքան էլ գործընկերային չէ»:

«Ռուսաստանի դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառիս բուն իմաստով: Այս ընթացքում մենք մոտ 200, հիմա թիվը կարող է մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել: Ռուսաստանը գերտերություն է և Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում: Ես այդպես էլ վերաբերվում եմ, ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին: Բայց ես իրենց մի բան եմ ասում եմ, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի», - հայտարարեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իմ ու Պուտինի հարաբերությունները շատ ջերմ են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի փոխվարչապետի բազմանշանակ հայտարարության ֆոնին, թե Աստանայում ԵԱՏՄ ղեկավարները Հայաստանի կարգավիճակի հարցն են քննարկելու, արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, թե վարչապետ Փաշինյանը որոշումը կփոխվի ու, այնուամենայնիվ, ինքը կգնա Ղազախստան:

Քարոզարշավի համար արձակուրդ վերցրած վարչապետն ասել էր՝ իր փոխարեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ Միրզոյանը հայտարարում է՝ դեռ ընտրության ժամանակը չէԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում է