Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակում Իրանի պատասխանը ԱՄՆ առաջարկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Անհամաձայնությունների ֆոնին հայտնի չէ՝ կվերսկսվե՞ն ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակել Իրանի պատասխանը խաղաղության ամերիկյան առաջարկին։

«Հենց նոր կարդացի Իրանի` այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Չեմ հավանում․ բացարձակապես անընդունելի է», - Truth Social-ում արված գրառման մեջ նշել է Թրամփը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք սա կհանգեցնի Իրանի դեմ օդային հարվածների վերսկսմանը։

Մինչ Սպիտակ տան ղեկավարի գրառումը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Tasnim գործակալությունը հրապարակել էր Թեհրանի ենթադրյալ պատասխանի մանրամասները։ Ըստ հրապարակման, Իրանը պահանջել էր վերացնել բոլոր պատժամիջոցները, դադարեցնել ծովային շրջափակումը և բացառել հետագա հարձակումները «բոլոր ճակատներում»՝ թե՛ Իրանում, թե՛ Լիբանանում։

Իրանի պետական լրատվամիջոցներով հայտարարվել էր, թե ամերիկյան առաջարկի ընդունումը Թեհրանի համար կնշանակի «հանձնվել առավելապաշտական պահանջներին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատասխանել է խաղաղության ամերիկյան առաջարկին

Ավելի վաղ Շերիլ Աթքինսոնին տված հարցազրույցում Սպիտակ տան առաջնորդը չէր բացառել պատերազմի վերսկսումը։

Արդյո՞ք Իրանի դեմ ռազմական գործողություններն ամփոփվել են․ հարցին Սպիտակ տան առաջնորդը պատասխանել էր․ «Ոչ, ես դա չեմ ասել։ Ես ասել եմ՝ իրենց պարտության ենք մատնել, բայց դա չի նշանակում, որ իրենց մոտ ամեն ինչ ավարտված է։ Կարող ենք ևս երկու շաբաթով մտնել և հարվածել յուրաքանչյուր թիրախի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայամիում Ռուբիոն և Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հարցը. AxiosԼիբանանում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր ու վիրավորներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ Իսլամաբադում. WSJ