Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշառքի բացահայտման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարեց, որ ընտրակաշառքի դեպք է բացահայտել, 5 մարդ ձերբակալված է։

Ըստ իրավապահների՝ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրողների ձայները գնելու համար կաշառք բաժանել Արմավիրի մարզում և այդ նպատակով Մեծամորում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, ապա մարդկանց ձևական գրանցել՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր հունիսի 7-ին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ բացահայտումը նվազագույնի հասցնելու համար։ Հաղորդագրությանը զուգահեռ հրապարակվել են ձայնագրություններ, որոնցից, սակայն, հստակ չէ՝ ում միջև է զրույցը, և ինչ հանգամանքներում է այն ձայնագրվել։

«Ուժեղ Հայաստանից» հերքել են իրենց հասցեին մեղադրանքները, պնդել, որ հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է, և որ կուսակցությունը գործում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում:

«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,-հայտարարել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, հավելելով. «Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է»։

«Մեր ձևով» շարժումը համակարգող գործարար, «Տաշիր կապիտալի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսից կալանքի տակ է՝ սահմանադրական կարգի բռնի տապալման, իշխանությունը զավթելու հրապարակային կոչի և խոշոր չափի հարկերից խուսափելու մեղադրանքներով։ Անցած շաբաթավերջին իրավապահները հաղորդեցին, որ նախաքննությունը տասն ամիս անց ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Նախընտրական ցուցակը, սակայն, կգլխավորի Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխություն:

Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ ՔԿ-ն ավարտեց Կարապետյանի գործի նախաքննությունը. ըստ փաստաբանի՝ նա որևէ մեղադրանքի հետ առնչություն չունի«Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի դաշինքով«Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուխ», թե՞ «անսխալ գրել արհամարհել»