Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ

Լրացված

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղաքական 2 ուժի հետ հուշագիր կստորագրի՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:

«Ազատության» տեղեկություններով՝ քաղաքական այդ 2 ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը»: Սամվել Կարապետյանը որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել:

Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, իր խոսքում նախօրեին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը. «Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան»:

Թե որո՞նք են այդ ուժերը և ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցության անդամներից Գոհար Մելոյանն այսօր չցանկացավ բացահայտել, նշելով, սակայն, որ այդ դաշինքով «համագործակցության դռները չեն փակում»:

Մելոյան. - Համերաշխության և միասնական տրամաբանության ներքո մենք գնում ենք դեպի մեր ուժեղ Հայաստանը, բայց մանրամասները, թե ովքեր են մեր դաշինքում ներգրավված լինելու, վաղը կներկայացնենք: Վաղը հրապարակային ստորագրելու ենք դաշինքի հետ կապված փաստաթուղթը և հանդես կգանք հայտարարությամբ:

«Ազատություն». - Հանրությանը հայտնի՞ ուժեր են լինելու ձեր դաշինքում:

Մելոյան. - Որոշակիորեն փորձառություն ունեն էն ուժերը, ում հետ պատրաստվում ենք գնալ դաշինքի: Կուզեի մի կարևոր ընդգծում անել, մենք այս դաշինքով սահմանափակումներ համագործակցության չենք դնում: Էն քաղաքական ուժերը, ովքեր մեզ աջակցում են, պատրաստ են համագործակցել, ունեն նույնական կարմիր գծեր, մենք էլի տեսնում ենք բոլորի հետ բաց դռների սկզբունքով համագործակցել, բանակցային պրոցեսի մեջ ենք և որոշակի ձևաչափերում կրկին համագործակցության մասին հայտարարությամբ հանդես կգանք: Ուզում եմ ասել, որ վաղվա դաշինքի հայտարարությամբ էնպես չի, որ դռներ ենք փակում:

Արդյոք հնարավո՞ր է, որ վաղը «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շնորհանդեսին ուղերձով հանդես գա տնային կալանքում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը:

Մոտ 10-ն օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային պնդումից հետո, թե Սամվել Կարապետյանը կարող է ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտնել և քննիչը դրա համար նրան չի պատժի, Քննչական կոմիտեն կարճ ժամանակ անց հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի միջնորդությունը և թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության, ծրագրերի և մոտեցումների վերաբերյալ:

«Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը, սակայն, նշում է, որ Կարապետյանի հրապարակային ուղերձ հղելու մասին քննիչի որոշումը անորոշություններ է պարունակում. «Քննչական մարմինն ուղարկում է նման որոշում՝ կրկին շատ անորոշ ձևակերպմամբ՝ մեկանգամյա թույլտվությամբ, ու կրկին պարոն Վարդևանյանը դիմել է հստակեցնելու խնդրանքով: Կրկին այսպես շարունակվում է այս իրավական խութը: Այստեղ հարցադրում է մնում՝ արդյոք այդ մեկանգամյան մեկանգամյա է ինչ-որ անսահմանափակ ժամկետով, արդյոք օրվա մեջ մեկ անգամ: Բնավ զարմանալի չէ, որ ինչ-որ իրավական ծուղակային տրամաբանություն են ուզում ստեղծել»:

Գագիկ Ծառուկյանը «խորհրդանշական գնացքով» մարզեր կսլանա

Եթե միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 7 -ին ընդառաջ դաշինք է կազմում, ընտրություններին ԲՀԿ -ով մասնակցելու մասին հայտարարած խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը իր նախընտրական ծրագրի՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստն է անցկացրել, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ, ներառյալ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, արևելագետ Ռուբեն Մելքոնյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, քաղաքագետներ Ստեփան Դանիելյանն ու Երվանդ Բոզոյանը և այլոք:

Համակարգող խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը կրկին պնդել է՝ իրենք ժողովրդին առաջարկում են երաշխավորված խաղաղություն, ոչ թե այն, ինչ խոստանում է Փաշինյանը:

«Խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե այսօր պայմանավորվեցինք Ալիևի հետ խաղաղություն, ի՞նչ խաղաղություն: Սահմանները, բարձունքները գրաված նստած, թելադրանք՝ էս պիտի տաք, էս պիտի անեք, որ պետք է 300 հազար մարդ Հայաստանում գա բնակվի, իսկ մեր հայրենակիցները իրենց տուն-տեղ թողած.... դրա մասին բացառված է խոսել, չի կարելի, ու դա համարում ենք խաղաղություն», - հայտարարել է Ծառուկյանը:

Ի դեպ, մինչ Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի ուժերն իրենց «ուրախ» և «ուժեղ» ավտոբուսներով շրջում են մարզերում ու մայրաքաղաքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստանում է առաջիկայում խորհրդանշական գնացքով սլանալ մարզեր՝ ժողովրդին ներկայացնելով իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:


XS
SM
MD
LG