«Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակները առաջինն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդը՝ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով: Նրանցից ոմանք, ըստ ամենայնի, չեն էլ հասկանում՝ ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որ իրենք արտասանում են, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված, և նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են», - ասաց Փաշինյանը:
«Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում, ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը: Այդ բոլոր ուժերը, հստակ՝ մի մասը, ենթադրում եմ, չի էլ հասկանում՝ ինչ է ասում»,- ասաց վարչապետը և հավելեց՝ «այդ բոլոր ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»:
Փաշինյանը նշեց, որ առաջիկա ընտրություններում ակնկալում են սահմանադրական մեծամասնություն:
«Մենք ասում ենք, որ ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում ունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի, որ այն պրոցեսները, տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք կդարձնենք անշրջելի», - մասնավորապես նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն ապրիլին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք համագործակցում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք ունեն գործիքներ հիբրիդային պատերազմի և մասնավորապես ապատեղեկատվության դեմ պայքարի»:
«Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով, ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում», - նշեց Փաշինյանը:
Անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երևանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կալլասը հայտնել էր, որ հենց Երևանն է դիմել աջակցության խնդրանքով:
Հայաստանում հիբրիդային արագ արձագանքման խումբ տեղակայելու Եվրամիության մտադրությունն ընդդիմությունը համարել էր միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, իշխանությունը՝ աջակցություն, որ պայքարեն սպառնալիքների դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ապրիլի սկզբին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է ու արդյունքում՝ կախվածության հռչակագիր». Փաշինյան
«Անկախության հռչակագրի և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ «դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին, մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»:
«Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է ու արդյունքում կախվածության հռչակագիր է: Պատկերացրեք տեղափոխվել եք նոր բնակարան և սպառնում եք ձեր հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն, ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում, միայն արտաքին օգնությամբ, իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարցը ներքին օրակարգի հարց է. «Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սահմանադրության հետ կապված իրավաբանական աշխատանքն ավարտված է. «Ես գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի նիստեր են եղել, գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են: Մենք չենք կարող այդ մասշտաբային պրոցեսը թողնել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների: Դա լրջագույն ռազմավարական հարց է, ու իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը՝ կառավարելու Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն, և ես էլ անձամբ զբաղվում եմ»:
Որ մայր օրենքում Հայաստանի հռչակագրի մասին հիշատակում չլինի ու Սահմանադրությունը փոխվի, Բաքուն է պահանջում: Հռչակագրում նշվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, ու սա տարածքային նկրտում են համարում: Սահմանադրական դատարանը քննել ու որոշել է , որ տարածքային պահանջ չկա այնտեղ: Փաշինյանն էլ այդ որոշմանը հղում անելով էր Բաքվին հավաստիացնում էր՝ տարածքային պահանջ չկա, բայց Իլհամ Ալիևը չնահանջեց ու հիմա Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է. «Սա կոնֆլիկտի հռչակագիր է ու եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտն անխուսափելի է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպիտի պարունակի մեր անկախությունը վտանգող դրույթ. Գալյան«Ղարաբաղի համար չի արել ոչ մի կառավարություն այնքան, որքան արել է մեր կառավարությունը»
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Ղարաբաղի համար չի արել ոչ մի կառավարություն այնքան, որքան արել է մեր կառավարությունը, դա թվերով տեսանելի ու ապացուցելի է»:
«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ արել է: Ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ «հեսա-հեսա տեսեք ինչ ենք անելու», և նրանց իշխանություն վերցնելուց ընդամենը օրեր անց ամեն ինչ ավարտվեց: Հիմա այդ նույն ուժերը նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետության հետ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով», - ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց. «Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է: 2 օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն է եկել ու հարց է զեկուցում՝ 2000 չեմ հիշում 5, 6 կամ գուցե 10,15 թվականին Հայաստանում բնակեցման ծրագիրը հաստատելու պրոցես է եղել, կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանը սահմանագծված է այնպես, ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրված է Ադրբեջան, դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթ է»: