«Ասացի՝ դրոշները ծալեք դրեք ջեբներդ, եկեք հրապարակ». Ոստիկանները արգելել են իրանցիների ակցիան

Բողոքի ակցիա Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ, արխիվ

Երևանում իրանցիների ակցիան նորից տապալվել է: Ոստիկանները երեկ թույլ չեն տվել, որ անգամ դեսպանատան դիմացի այգում պաստառներն ու դրոշները պարզեն, պատմում է իրանցի Հոսեյն Սոտուդե-Գանին, որ 6-7 տարի է՝ այստեղ է ապրում:

«Ասում է՝ «շուտ հավաքի, տուն գնա», ասում եմ ՝ ինչի, մենք կանգնած ենք, ասում է՝ «չէ, իրավունք չունեք», - պատմեց նա:

Մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել դեսպանատան մոտ՝ աջակցելու Իրանում իշխանության դեմ բողոքող ցուցարարներին: «Մենք ենք նրանց ձայնը աշխարհում», - ասում է Հոսեյն Սոտուդե-Գանին:

«Իրանում ընդվզող ուսանողներին ուզում էինք ասել՝ ձեր թիկունքին ենք: Ոստիկանները տասը րոպե էլ չթողեցին, որ մնայինք», - դժգոհում է երիտասարդ տղամարդը՝ նշելով՝ «ասացի՝ դրոշները ծալեք, դրեք ջեբներդ, եկեք հրապարակ»:

Դեսպանատան մոտից րոպեներ անց շարժվել են Հանրապետության հրապարակ: Այստեղ էլ չեն թողել խաղաղ ակցիան շարունակել, ոստիկանները սկսել են ցուցարարներին բերման ենթարկել: Մի մասին ոստիկանության բաժին են տարել, ոմանց էլ՝ Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ Հոսեյնի՝ ժամեր անց բոլորին բաց են թողել. «Ազգային անվտանգություն 12 հոգի էին կանչել, եթե չեմ սխալվում, կոնկրետ թիվը չգիտեմ, բայց 20-ից ավելի մարդկանց տարել են Արաբկիրի բաժին, մի 12 հոգի տարել են ԱԱԾ, 10 հոգուց ավել էլ՝ Քրեական ոստիկանության բաժին»:

Նրա պատմելով՝ ոստիկանները հետապնդել են տեղից տեղ շարժվող իրանցիներին ու արգելել պարզել դրոշներն ու վանկարկել սրտի ուզածը: Հոսեյնին տարել են Երևանի քաղաքապետարանի մոտից:

«Պարեկները վատ էին խոսում հետս՝ «ուրախ էղի, որ վիզդ չենք ջարդել, չենք ձերբակալել», բայց բաժնում լավ էին վերաբերվում, պետի հետ էլ խոսեցի, ասում էր՝ «ոչ մի խնդիր չկա, ուղղակի մի քանի օր չհավաքվեք»», - ներկայացրեց իրանցին:

Ասում է՝ Իրանի գործող իշխանության ու սպանված առաջնորդի մասին որևէ վատ բառ չեն ասել: Միայն նախկին թագաժառանգին են գովել, որ ուզում են գա ու առաջնորդի իրենց երկիրը, ասում է Հոսեյն Սոտուդե-Գանին ու զարմանում՝ ինչո՞ւ են արգելում իրենց ակցիա անել:

Երևանի քաղաքապետարանին փետրվարի 26-ին են տեղեկացրել հավաք անցկացնելու մասին: Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել: Շտապ հավաքի դեպքում կարգն այդպես է, հատուկ թույլ տալու կամ արգելելու որոշում չի լինում, փոխանցեցին լրատվական ծառայությունից: Իսկ ոստիկաններն ինչո՞ւ են խոչընդոտել խաղաղ հավաքը, ինչո՞ւ են ցուցարարներին բերման ենթարկել, ի՞նչն է անհանգստացրել, ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան պատասխանել ու մինչև օրվա վերջ չպատասխանեցին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հավաքները խոչընդոտելը. «Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը»:

Իրանցիների ակցիաների դեմ իրավապահների քայլերից գոհ է Հայաստանում Իրանի դեսպանը: Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն էր հայտնել Հայաստանի իշխանությանը՝ դեսպանատան մոտ ակցիաների դեմ քայլերի համար:

Իսկ հայաստանաբնակ իրանցիները հունվարից ակցիաներով փորձում են աջակցել իշխանության դեմ փողոց դուրս եկած իրենց հայրենակիցներին, դատապարտում դաժան բռնությունները: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ տարեսկզբի ցույցերի ընթացքում Իրանում ավելի քան 7000 ցուցարար է սպանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի դեսպանը՝ Երևանում ակցիաների և Հայաստանի իշխանությունների «համապատասխան քայլերի» մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիները շարունակում են ԱԱԾ կանչվել. ինչո՞ւ «Երդվել եմ ամեն օր գալ». ինչո՞ւ են իրավապահները հետաքրքրված իրանցի երիտասարդով«Մի մասնակցիր, հետևանքներ կունենա». հայաստանաբնակ իրանցիները ահազանգում են՝ ԱԱԾ-ից շարունակում են հարցումների կանչելՀայաստանաբնակ իրանցիներն ահազանգում են՝ իրենց օրերս հրավիրել են ԱԱԾ ու հորդորել դադարեցնել հավաքները