Ի՞նչ կարժենա թոշակների բարձրացումը. Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրակաշառք» որակելը սխալ է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրակաշառք» որակելը սխալ է:

«Սխալ մեկնաբանություն է, էն պարզ պատճառով, որովհետև պատճառը մեկն է՝ տնտեսական աճը շատ բարձր է, եթե լինի եկող տարի էլ էլի բարձր, էլի ենք ավելացնելու», - նշեց Պապոյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Կարո՞ղ եք ասել այդ 600 հազար թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելու գումարը ինչքա՞ն է կազմելու և կառավարությունը այդ գումարը որտեղի՞ց է վերցնելու:

Պապոյան. - Նախնական, իմ գնահատականով, տարեկան մոտավորապես լրացուցիչ 75 միլիարդ դրամ է պետք։

«Ազատություն». - Իսկ այդ մոտ 75 միլիարդ դրամը մենք որտեղի՞ց ենք վերցնելու:

Պապոյան. - Ունենք պահուստային միջոցներ և ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան պլանավորված է, այսինքն մեր բարձր տնտեսական աճը մեզ թույլ է տալիս դա անել, այսինքն մենք էդ տնտեսական աճը ամբողջությամբ վերադարձնում ենք ժողովրդին, կարելի է այսպես պայմանական ասած։ Ինչքան բարձր լինի տնտեսական աճը, այնքան կենսաթոշակները ավելի արագ կաճեն։

«Ազատություն». - Հիմա այդ 75 միլիարդը պահուստային միջոցների՞ց է վերցնելու կառավարությունը։

Պապոյան. - Պահուստում ունենք, տնտեսական աճը ավելին է լինելու, իմ կարծիքով, քան պլանավորված է բյուջեի նախագծում, հարկերի ցուցանիշը կբարելավենք, տնտեսությունը բնականաբար... այսինքն պետք է աշխատենք, տնտեսությունը զարգացնենք, որպեսզի կարողանանք ոչ միայն սպասարկել, այլ նաև ապագայում ներդնել։

«Ազատություն». -Պարոն Պապոյան, Ձեզ հիշեցնում են, որ դեռևս 2024-ին Փաշինյանը խոսում էր այդ թոշակների բարձրացման անհնարինության մասին և ասում էր, որ նույնիսկ եթե ամբողջ կառավարության քաղաքական բլոկի, ուժայինը հանած, աշխատավարձները կտրենք, պարգևավճարները կտրենք, մեքենաները հանենք, կկարողանանք ընդամենը 9000-ով բարձրացնել։

Պապոյան. - Ճիշտ էր ասում վարչապետը, խնդիրը այլ տեղ է։ Միջազգային կառույցները, ես մի քանի օր առաջ հրապարակել էի սքրինները իրենց հայտարարությունների, գրած էր 5 տոկոս, 5 տոկոս, 5.1 տոկոս։ Մենք ունենք 7.2 տոկոս, հարգելի գործընկերներ։

«Ազատություն». - Այսինքն 24-ի համեմատ այնքան է աճել 25-ին, որ կարող է կառավարությունը այսպիսի շռայլություններ անել:

Պապոյան. - 24-ի համեմատ 25-ի տնտեսությունը 7.2 տոկոսով աճել է։ Դա աշխարհի լավագույն ցուցանիշներից է։ Եվրոպական շատ երկրներում զրոյին մոտ տնտեսական աճեր են։ Մենք շատ բարձր աճ ունենք։

«Ազատություն». - Ընդամենը երկու ամիս առաջ Փաշինյանը ասել էր՝ «10 000 դրամը պետք չէ տալ թոշակառուներին, որովհետև նրանք չգիտեն ինչի վրա ծախսեն և այլն, մենք ավելի ճիշտ կկազմակերպենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հաց կառնեմ կուտեմ, որ 10 հազար ավելանա»․ թոշակառուները արձագանքում են Փաշինյանի հայտարարությանը

Պապոյան. - Նման բան չի ասել վարչապետը։ Խոսել է ֆինանսական գրագիտության մասին, ծախսերը ճիշտ պլանավորելու, ճիշտ կառավարելու մասին։

«Ազատություն». - Բայց հիմա ինչպե՞ս արդեն կառավարությունը համոզվեց, որ թոշակառուն այդ 10 000 դրամը ճիշտ կօգտագործի։

Պապոյան. - Թոշակառուն իր 10 000 դրամը կօգտագործի էնպես, ինչպես ինքը ուզում է։ Էս ավելացումը բացարձակապես կապ ունի մեր տնտեսական բարձր ցուցանիշների հետ։

«Ազատություն». - Սա ընտրակաշառք չէ՞, որովհետև շատերը սա ձևակերպում են հիմա, որ ընտրություններից երեք ամիս առաջ թոշակները բարձրացնելով, ըստ էության, Փաշինյանը կաշառում է 600 000 թոշակառուների։

Պապոյան. - Սխալ մեկնաբանություն է նորից էն պարզ պատճառով, որովհետև, էլի եմ կրկնում, պատճառը մեկն է՝ տնտեսական աճը շատ բարձր է, եթե լինի եկող տարի էլ էլի բարձր, էլի ենք ավելացնելու:

Հարցին՝ կառավարությունը անցած տարվա վերջին արդյոք տեղյակ չէ՞ր, որ տնտեսությունը աճելու է 7.2 տոկոսով, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ ոչ, քանի որ իրենք կանխատեսում էին 6 տոկոսից բարձր տնտեսական աճ, մինչդեռ միջազգային տարբեր կառույցներ 5-ից 5,5 տոկոս էին կանխատեսում:

«Այսինքն մենք պետք է փաստերի հետ առնչվեինք, նոր ըստ այդմ որոշում կայացնեինք», - ասաց Պապոյանը, հիշեցնելով, որ Վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ, փետրվարի 20 -ին հրապարակեց տնտեսական աճի ցուցանիշը, ինչն էլ վստահություն է ներշնչել, որ իրենք դրա հաշվին արդեն կարող են բարձրացնել թոշակները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան