Իրավապահները եզրահանգել են, որ տասն օր առաջ Մասիսում վարչապետի մասնակցությամբ պատարագին քաղաքացուն իր կամքին հակառակ չեն բերել:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննիչը կայացրել է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում, դատախազն էլ այն հաստատել է:
Հունվարի 11-ին Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը Մասիս էր հասել հիվանդանոցից: Լրագրողներին պատմել էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել. - «Շատ են էկե, ես նոր եմ էկե, ես էլ հիվանդանոցից եմ էկե, հիմա նորից պտի հետ գնամ հիվանդանոց: Ես դուս եմ գրվե հիվանդանոցից, էկել եմ, էկել եմ տուն, նոր էկել եմ ստե»:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» էր հանցագործության մասին հաղորդում ուղարկել Գլխավոր դատախազություն: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատությանն» ասել էր՝ կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է Քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը:
Իրավապահները, սակայն, վկայակոչել են օրենքն ու եզրահանգել՝ իրավապաշտպանի ներկայացրած հաղորդման մեջ նկարագրված չէ այնպիսի դեպք, որը կհամարվի օրենքի խախտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել