Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քիչ անց երկրի պետական հեռուստատեսության եթերում հանդես կգա հատուկ ուղերձով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ պետական հեռուստաընկերության լուրերի թողարկումը վկայակոչելով։

«Խամենեիի ելույթը նվիրված կլինի վերջին օրերին ահաբեկչական հարձակումներին»,- հաղորդել է Իրանի հեռուստատեսությունը։

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում 12-րդ օրն է՝ հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնք բռնկվել են իրանական արժույթի արժեզրկման և տնտեսական դժվարությունների պատճառով:

Դրան զուգահեռ համացանցի ազատության սահմանափակումների մոնիտորինգով զբաղվող Netblocks կազմակերպության տվյալներով՝ Իրանն ավելի քան 12 ժամ է, ինչ անջատված է ինտերնետից։ Netblocks-ի տվյալներով՝ իրանական իշխանությունները համացանցը անջատել են հինգշաբթի երեկոյան՝ թափ հավաքող բողոքի ակցիաների ֆոնին։

Կառույցի փոխանցմամբ՝ ուրբաթ վաղ առավոտյան համացանցը երկրի տարածքում շարունակում էր անջատված մնալ։

Ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։