Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի արտգործնախարարը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում այսօրվա հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից։ Նախարար Սեժուրնեն շեշտել է՝ մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

. Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 5-ին նախատեսված է իր, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։

. Թեև տևական ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը հրադադարի խախտումների մասին տեղեկություններ չէին հաղորդել, Բաքուն վերջին օրերին պնդում էր, թե Հայաստանի բանակը սահմանի տարբեր հատվածներում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների «կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր է իրականացնում»:

. Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան, արդեն երկու անգամ հերքել է Բաքվի այդ պնդումներն՝ ընդգծելով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

. Նախորդ շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի։