Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ


Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սրան հետևում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում», և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությանը դեռ չի արձագանքել։

Մինչ այդ երեկվա հանդիպմանը վարչապետը շեշտել է, որ խաղաղության ձգտումների և օրակարգի առիթով Հայաստանի իշխանություններին շատ հայհոյում են, ապա սուտ է որակել լուրերը, թե իր ղեկավարած կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Աշաղա Ասկիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղերը, ընդգծելով, որ Երևանը հավակնություններ չունի նշված գյուղերի տարածքների վրա։

Սրանք այն գյուղերն են, որոնք Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել։ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասկիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի դեռ մարտի 12-ի ասուլիսի հայտարարության համաձայն, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։

«Սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել, կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար:

Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, ուզում եմ իմանաք, որ Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է ընդգծել, թե որտեղ է գտնվում Հայաստանի սահմանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի:

Վերջին օրերին Բաքուն քննադատում էր Երևանին բրյուսելյան եռակողմ հանդիպման համար։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր չբացառել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից առաջ Բաքուն իր հայտարարությամբ հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։

XS
SM
MD
LG