ԱԱԾ-ն ընդունելություն է հայտարարել «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ մյուս անցակետերում ծառայության համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության ֆոնին, թե «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է», այսօր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է սահմանապահ զորքերում ընդունելության մասին։

Ըստ հաղորդման՝ ընդունվողները զինվորական ծառայության կանցնեն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և Հայաստանի պետական սահմանի մյուս անցակետերում՝ ենթասպայական պաշտոններում։

ԱԱԾ-ն նշում է, որ կարող են դիմել մինչև 30 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

ԱԺ նախագահը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:

«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասել է Սիմոնյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասել էր վարչապետը։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ Մոսկվան արձագանքել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը չի նպաստի ՀՀ անվտանգությանը»