Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը. Դոնֆրիդ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ, արխիվ

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

Պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, Բաքուն պնդում է՝ ճանապարհը շրջափակված չէԲլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքըԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Դոնֆրիդի խոսքով՝ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում», - նշել է նա:

Տե՛ս նաև այստեղ