Պաշտոնական այցով Հայաստանում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորին։ Այսօր նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք խոսել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերի մասին, հայտնում է կառավարությունը: Վենետիկի հանձնաժողովի նախագահը վերահաստատել է ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:
Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը:
Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը` ընդգծելով հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարևորել է «արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ»:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, ընդունելով Կլեր Բազի Մալորին, ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որոշումը, թե Հայաստանը ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է այս խորհրդից». Անդրեասյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության թևերի բալանսավորումն է․ նախարար