«Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին կոչ են անում ընդունել իրենց առաջարկը և գնալ խաղաղության», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Բաքվի ADA համալսարանում կայացած «44-օրյա հաղթանակի ուղին» խորագրով համաժողովի ժամանակ:
«Կարծում ենք, որ Հայաստանը, գնահատելով իր այսօրվա տնտեսական, ժողովրդագրական վիճակը, պետք է ընդառաջ գնա մեր առաջարկներին՝ հրաժարվելով հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից: Մեր առաջարկը շատ պարզ է, Հայաստանը պետք է փոխադարձաբար հարգի հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսպիսով հնարավորություն կստեղծվի, դուրս գալ տնտեսական և տրանսպորտային փակուղուց ու դառնալ զարգացող տարածաշրջանի ծաղկուն երկիր», - ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն իր մտադրությունների մասին բացահայտ խոսել է՝ հանդես գալով առաջարկներով, և հիմա Երևանից պատասխան է ակնկալում: Կրկնելով նախօրեին նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Բայրամովը պնդել է, որ Ադրբեջանը մշտապես կողմնակից է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հավատարիմ մնալով բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը փորձել է ձգձգել այն և տպավորություն ստեղծել, թե բանակցություններ են ընթանում: Եվ հիմա երբ պատերազմը ավարտված է, Ադրբեջանը ինչպես մյուս հարևանների, այնպես էլ Հայաստանի հետ ուզում է կայուն հարաբերություններ ունենալ։
Նույն կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ևս իր ելույթում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին խաղաղության պայմանագրի կնքումն է:
«Ադրբեջանը սկսել է խաղաղության հասնելու գործընթաց: Բայց միակողմանի հեշտ է ասել՝ եկեք խաղաղություն կառուցենք։ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք վերափոխեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանը: Եվ ինչպես վերահաստատել է մեր նախագահը, Ղարաբաղի հարցը փակված է: Ղարաբաղը Ադրբեջանի համար այլևս արտաքին քաղաքական օրակարգի թեմա չէ, այլ ներքին հարց է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լևոն Զուրաբյան. Սա ոչ թե խաղաղության, այլ Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնվի. Փաշինյանը՝ ՀարությունյանինՆա ևս շեշտել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կողմերը պետք է ընդունեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և գնան խաղաղության: Հաջիևի խոսքով, սակայն, Հայաստանից սպասվող դրական արձագանքը դեռ չկա:
Նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը առայժմ անպատասխան է թողնում խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկները: Բաքվում անցկացվող «Աշխարհը Covid-19-ից հետո» խորագրով ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը ասել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու համար մի շարք առաջարկներ են արել Հայաստանին, այդ թվում սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու վերաբերյալ, և հիմա ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից:
Ուշագրավ է, որ Բաքվից հնչող վերջին հայտարարությունների հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կարող է ենթադրել հրաժարվել Ղարաբաղից՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»Երևանից էլ հայտարարում են, թե պատրաստ են խաղաղությանը և դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների մեկնարկին, սակայն սահմանների ճանաչումը չպետք է փոխկապակցել այլ հարցերի, մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման հետ։ Երևանը պնդում է, որ ղարաբաղյան հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել և պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։