Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը․ Փաշինյանը՝ լիտվացի իր գործընկերոջը

Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես շեշտելով ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին տվյալներով՝ հայկական կողմից 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 788 է, 246 մարդ անհետ կորած է

Ըստ կառվարության պաշտոնական կայքէջի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին

Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:

Կարևորելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը՝ Հայաստանի գործադիրի ղեկավարը հավելել է՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ GRECO-ն «մեծ հաշվով անբավարար» է գնահատում Հայաստանի իշխանություններին ներկայացված առաջարկությունների կատարումը

Լիտվան աջակցություն է հայտնում հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի հետ։

Գիտանաս Նաուսեդային իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը սպասում է լուծման. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Ալիևին

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք ներդրումային փաթեթը կավելացնի՝ դարձնելով 2,6 մլրդ եվրո

Եվրամիությունը, հիշեցնենք, առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով ավելացրեց 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։ Ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանը առաջ է անցնում Ուկրաինայից, Մոլդովայից։ Ամենաքիչ աջակցությունն Ադրբեջանինն է՝ 140 մլն եվրո։ Ֆինանսական օժանդակության նպատակը համատեղ մշակված ներդրումային և տնտեսական նախագծերի իրականացումն է:

«Գագաթնաժողովին ընդառաջ Լիտվան կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ»

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Լիտվայի խորհրդարանի ղեկավարի հետ։

Լիտվան պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, ասել է Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենը՝ նշելով, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Փաշինյանն երեկ է ժամանել Վիլնյուս, նախ հանդիպել Լիտվայի հայ համայնքի հետ։