Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի երկու օրից

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը երկու օրից կհրապարակի իր որոշումը, որով պարզ կդառնա՝ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կազատվի՞ կալանքից, թե՞ ոչ։

Նրա պաշտպաններն էին դիմել վերաքննիչ՝ խնդրելով բեկանել կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի՝ երկու շաբաթ առաջ կայացրած որոշումը։

«Դատախազը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման հետ։ Նույն այն հիմնավորումներն են, ինչ ներկայացվել են առաջին ատյանի դատարանում։ Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ և մասնավորապես այդ հիմնավոր կասկածի տեսանկյունից խնդրել ենք դատարանին, որ նաև պատշաճ գնահատականի արժանացնի մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը, ինչը պատշաճ գնահատականի չէր արժանացրել հենց առաջին ատյանի դատարանը», - ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Կալանավորման որոշումից հետո 61-ամյա Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ շաքարային դիաբետ ունեցող և սրտի վիրահատություն տարած բժշկին վիրահատել էին։

Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ նախորդ շաբաթավերջին իր պաշտպանյալին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն, ըստ Ալեքսանյանի, առողջական խնդիրներ ունեցող Չարչյանը կարիք ունի բժիշկների հսկողության, և իրենք այժմ զբաղված են նրան հիվանդանոց տեղափոխելու հարցերով. - «Նա ունի կարիք համապատասխան բժշկական հսկողության, իսկ այդ բժշկական օգնությունը փաստացի այս պահի դրությամբ չի ապահովվում»։ Պրոֆեսոր Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Չարչյանն իր աշխատակիցներին սպառնացել է, որ եթե քվեարկեն գործող իշխանությունների օգտին, արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի». - «Ես ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն-ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության»։

Չարչյանը հորդորել, պահանջել էր մասնակցել քվեարկությանը և շեշտել՝ ինքը հնարավորություն ունի հետո ստուգել, թե ով մասնակցեց քվեարկությանը, ով՝ ոչ, նույնիսկ կարող է իմանալ, թե ով ինչպես է քվեարկել։ Մեղադրանքը չընդունող պրոֆեսորը կալանավորումից առաջ «Ազատությանը» դատարանի բակում ասել էր, թե որևէ հանցանք էլ չի գործել, արձակուրդի մեջ է եղել այդ օրերին, և որպես գործատու չէ ժողով անցկացրել։

Ըստ մեղադրող կողմի, Չարչյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդելով վկաների վրա։ Մինչդեռ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով, այս գործով շուրջ 280 վկա կա, որոնցից արդեն հարցաքննվել են 60-70-ը։ Բոլորը ժողովի մասնակիցներ են։

«Մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ։ Միայն այն հանգամանքը, որ վկաները ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ դիտել են որպես հորդոր և խնդրենք, գտնում ենք, որ վերագրվող հանցակազմի օբյեկտիվ կողմի տեսանկյունից, այո, դրանք ավելի շատ մեր համար պաշտպանողական բնույթ են կրում, այլ ոչ թե մեղադրական», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին՝ եթե անգամ ժողովի մասնակիցները, տարբեր գործոններից ելնելով, ցուցմունքներում չեն հակադրվել Չարչյանին, արդյո՞ք դա հիմք է պնդել, որ չկա հանցագործություն, պաշտպանը պատասխանեց. - «Բոլոր այն բժիշկները, որոնք հարցաքննվել են, ունեն բավականին բարձր իրավագիտակցություն։ Ես կարծում եմ, որ ցուցմունքները, որոնք որ նրանք տվել են, պայմանավորված չի եղել, այսպես ասած՝ սիրո, հարգանքի նշանով։ Ես կարծում եմ, որ նրանց կողմից տրված ցուցմունքը կրում է բացառապես օբյեկտիվ իրականություն ունեցող հանգամանքներ»։

Ալեքսանյանը կրկին պնդեց՝ հայտնի ձայնագրության ավելի երկար տևողությամբ կադրերում երևում է, որ Չարչյանը հայտարարում է՝ ընտրություններից հետո որևէ աշխատակցի նկատմամբ ռեպրեսիա և բացասական հետևանք այդ հանգամանքը չի առաջացնելու. - «Հետևաբար այս երկու փաստական տվյալները մենք պետք է գնահատենք ոչ թե առանձին-առանձին և հիմք ընդունենք բացառապես մի փաստական տվյալ, այլ պետք է գնահատենք ամբողջությամբ, համակցությամբ և վերջնական եզրահանգում կատարենք»։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը բազմիցս հայտարարել է, որ իրենց պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի կալանավորումը քաղաքական հետապնդում են համարում։