Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը Շիրակում իր համակիր 3 տնօրեններին աշխատանքից ազատելը քաղաքական հետապնդում է որակում, մարզպետը հերքում է


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, արխիվ

Մինչ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Շիրակի մարզում ընտրություններից առաջ իր համակիր երեք տնօրեններին աշխատանքից ազատելը քաղաքական հետապնդում է որակում, աշխատանքից ազատման որոշումներն ընդունած մարզպետը կտրուկ հերքում է, թե այդտեղ քաղաքական ենթատեքստ կա։

Գյումրիի թիվ 38 դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը կարծում է, որ մարզպետն իրեն աշխատանքից ազատել է իր դաշնակցական լինելու պատճառով։ Նիկողոսյանը «Ազատությանը» բանավոր փոխանցեց, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» անդամ մարզպետի որոշումը վիճարկելու է դատարանում, հայցն արդեն վարույթ է ընդունվել։ Եթե ներպետական ատյաններում արդարության չհասնի, կդիմի Եվրադատարան։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դաշնակցությունից ու «Վերածնվող Հայաստանից» կազմված «Հայաստան» դաշինքի Գյումրիի պատասխանատու Հովհաննես Ասոյանն էր ահազանգել, թե իրենց համակիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում։ Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը խոսել էր նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի ազատման մասին։ Ըստ Ասոյանի՝ պոլիկլինիկայի տնօրենը աշխատանքից ազատվել էր դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ու այժմ ընտրախախտմանն առնչվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի ու բուժաշխատողների հանդիպումից մեկ օր անց։

Այվազ Սուքիասյանը «Ազատությանը» փոխանցեց, թե իր ազատման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ։ Աշխատանքից ազատման որոշումը դատական ճանապարհով կվիճարկի նաև Գեղանիստի դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Ղազարյանը։ Աշխատանքից ազատված 3 նախկին տնօրենները հրաժարվեցին հարցազրույցից՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չեն համարում խոսել: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը այնինչ բացառում է, որ տնօրենների աշխատանքից ազատումը քաղաքական ենթատեքստ ունի։

«Չեն եղել քաղաքական դրդապատճառներ և ունենալ կասկած, որ դա կարող է վերագրվել քաղաքականի և այլն, ես անգամ չեմ էլ ունեցել, որովհետև քաղաքական դրդապատճառ ես ընդհանրապես չեմ ունեցել: Ինչ վերաբերում է ազատումների կամ մարդկանց աշխատանքի մեջ ներգրավման պրոցեսին, դա բնականոն աշխատանքային պրոցես է և կապել քաղաքական պրոցեսների հետ բացառապես չի կարելի», - նշեց Հարությունյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն չի՞ ընդունում, որ քաղաքականացվում է հարցը, մարզպետը պատասխանեց. «Մարդիկ անգամ իրար բարևելուց քարոզարշավի ընթացքում փորձում են բարևելը և ընկերանալը, անգամ քավոր-սանիկ դառնալը շատերը փորձում են քաղաքականացնել, իհարկե, չի կարելի քաղաքականացնել: Ի՞նչ կապ ունի դպրոցի տնօրենը քաղաքական պրոցեսի հետ, մանկավարժն ի՞նչ կապ ունի քաղաքական պրոցեսի հետ»:

Շիրակի ՔՊ-ական մարզպետը հիշեցրեց, որ դեռ մայիսին՝ իր պաշտոնավարման 100 օրերն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն: Ասում է՝ այդ գործընթացը կշարունակվի. «Ես այդ ժամանակ արդեն ասացի, որ այո, շուտով նաև կլինեն կադրային փոփոխություններ և պարզ ասեմ, որ մենք այդքանով չենք ավարտել մեր կադրային փոփոխությունները, որովհետև կադրային փոփոխությունները շարունակական պրոցեսներ են և պարտադիր տարր աշխատանքի մեջ»:

Այդուհանդերձ, ո՞րն է եղել 3 տնօրեններին աշխատանքից ազատելու հիմքը, Հարությունյանը պատասխանեց. «Հիմքը իմ որոշումն է, որ ես այդ պահին փորձել եմ իրացնել իմ իրավունքները որպես հիմնադիր աշխատանքային իրավունքները դադարեցնելու կամ ասպես ասած շարունակելու: Այդ պրոցեսում մենք ունեցել ենք նաև մի քանի այլ տնօրենների ժամկետների ավարտ և երկարացում, որի մասին ոչ ոք չի խոսում: Այսինքն դա բնականոն պրոցես է, կադրային հարցերը, դրանք աշխատանքային պրոցես էին: Կոնկրետ դպրոց և բուժհիմնարկ չի կարելի բերել քաղաքական դաշտ, ինչքան էլ դա քաղաքական պրոցեսների ընթացքում է»:

Հովհաննես Հարությունյանը պնդում է՝ տնօրեններն իրենք են քաղաքականացնում աշխատանքից ազատելու որոշումները, ասում է՝ գուցե իրենց շրջապատում քաղաքականացնելն ավելի նպատակահարմար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG