ՈւԵՖԱ-ն և Կիևը համաձայնության են եկել Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկի դիզայնի հարցում

ՈւԵՖԱ-ն և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխզիջումների գնալով համաձայնության են եկել Ուկրաինայի թիմի մարզաշապիկի դիզայնի հարցում։ Ուկրաինայի քարտեզի՝ Ղրիմով հանդերձ ուրվագիծը մարզաշապիկի վրա մնում է, պահպանվում է նաև «Փառք Ուկրաինային» կարգախոսը, իսկ «Փառք հերոսներին» կարգախոսը ծածկվելու է։

ՈւԵՖԱ-ի տեսուչները յուրաքանչյուր խաղից առաջ ստուգելու են ուկրաինացի ֆուտբոլիստների մարզահագուստը։

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն ասել է, թե հաջողվել է հասնել «հաղթական փոխզիջման»։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին խաղում Հռոմում Իտալիան 3։0 հաշվով հաղթեց Թուրքիային, այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում են Ռուսաստանի ու Բելգիայի հավաքականները, իսկ Բաքվում՝ Ուելսն ու Շվեյցարիան։