Եվրամիություն Բելառուսի ինքնաթիռների մուտքի արգելքը մտավ ուժի մեջ

Ryanair ընկերության ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից հետո եվրոպական ավիաընկերությունները շրջանցում են Բելառուսի օդային տարածքը

Եվրոպական միության հունիսի 4-իորոշմամբ, Բելառուսի ինքնաթիռները չեն կարող մուտք գործել Եվրամիության օդային տարածք:

Եվրամիությունն արգելքը սահմանել է այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության ինքնաթիռին Բելառուսի տարածքում վայրէջք է պարտադրել և ձերբակալել է ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային:

Եվրոպական միության 27 անդամ-պետությունները պարտավորվում են իրենց տարածքներում մերժել բելառուսական որևէ օդանավի վայրէջք կամ օդային տարածք մուտք գործելու հայտ:

Բելառուսի ազգային փոխադրողը՝ «Բելավիա» ընկերությունը հայտնել է, որ ստացել է Մոսկվայի «Շերեմետևո» օդակայան շաբաթական հինգ չվերթ իրականացնելու թույլտվություն: Բացի այդ, «Բելավիան» կավելացնի շաբաթական չվերթները Ստամբուլ, Բաթումի և Թբիլիսի: