Գերեվարված երկրորդ վարձկանը ևս ձերբակալվել է, փոխանցում է դատախազությունը

Լուսանկարը Արցախի պաշտպանության նախարարության տեսանյութից, ըստ իրավապահների` լուսանկարում Սիրիայի Իդլիբ նահանգի 32-ամյա բնակիչ Յուսուֆ  էլ Աբեդ Հաջին է

Հայկական ուժերի կողմից գերեվարված երկրորդ վարձկանը ձերբակալվել է, հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Վարձկանն, ըստ իրավապահների, Սիրիայի Իդլիբ նահանգի 32-ամյա բնակիչ Յուսուֆ էլ Աբեդ Հաջին է։

Նա կասկածվում է Հայաստանի քրեական օրենսգրքի երեք՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։

Հաջին գերեվարվել է նոյեմբերի 1-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ Պաշտպանության բանակի` վարձկանը Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Ադրբեջան։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած տեսանյութում Հաջին իրավապահներին պատմել է, որ եկել է պատերազմ, որ իր խոսքերով՝ քաֆիրների, այսինքն` անհավատների գլուխը կտրի, ամեն գլուխը՝ 100 դոլարով. - «Մեզ ամսական 2000 դոլար էին խոստացել։ Եկել ենք այստեղ, որ քաֆիրների գլուխները կտրենք»։

Բուն քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի համար։

Մյուս վարձկանը՝ օրերս նույն հանցանքի համար կալանավորված 45-ամյա սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, հարցաքննության ժամանակ գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ էր տվել։ Պատմել էր, թե ինչպես է Սուլեյման շահ խմբավորման հրամանատարի կողմից դեռ սեպտեմբերի կեսին Սիրիայում հավաքագրվել և մոտ մեկ ամիս անց ևս 250 զինյալների հետ Թուրքիայից տեղափոխվել Ադրբեջան։ Նրա խոսքով` հայերի դեմ կռվելու համար ամսական 2000 դոլար էին խոստացել, որը դեռ չէր էլ ստացել։

Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների հենց առաջին օրերին հայկական կողմը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին։ Նրանց մասնակցությունն այս պատերազմում հետաքննել են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հերքել դա` պնդելով, որ իր բանակի կազմում այլ ուժեր չեն կռվում:

50 ՀԿ-ներ դիմել են ՆԱՏՕ-ին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ակներև է որակում իրավապահների բացահայտումները և կարծիք հայտնում, որ հայկական կողմի ապացույցները բավարար են փաստելու, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային ներգրավված են ահաբեկիչներ, իսկ գործընթացը կազմակերպում է Թուրքիան. - «Որ Ադրբեջանի ռեժիմը և թուրքական ռեժիմն իրենք հանդես են գալիս ահաբեկչական գործողությունների ծավալող, աջակցող և ահաբեկչական գործողություններ աշխարհագրությունն ընդլայնող պետություն: Այս առումով արդեն իրենք ունենում են մարտահրավեր և լուրջ խնդիրների միջազգային հանրության հետ, միջազգային կառույցների հետ, ընդ որում թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե Եվրամիության, թե առանձին պետությունների առաջնային կարևոր խնդիրներից մեկը հակաահաբեկչական գործողությունն է»:

Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այն 50 հասարակական կազմակերպություններից մեկն է, որ վարձկանների հարցը բարձրացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների առջև։ Նրանք ուղարկված նամակում կոչ են արել ՆԱՏՕ-ին քննարկել ղարաբաղյան հակամարտությունում դաշինքի անդամ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավումը կանխելու, Թուրքիայի կողմից ահաբեկիչներ վարձելու և Արցախի դեմ իրականացվող ռազմական գործողություններին ներգրավումը բացառելու հարցերը։

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություններից խնդրում են օբյեկտիվ քննել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական գործողություններում պատերազմական հանցագործությունների հարցը և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

«Հայաստանը` իր պարտավորությունները որպես հակաահաբեկչական կոալիցիայի անդամ պետություն, կատարում է, և մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է քննության առնի և իր պարտավորությունները նույնպես կատարի Հայաստանի հանդեպ` կանխելով նաև, սանձելով իր անդամ պետության կողմից ահաբեկչական գործողությունների աջակցության հարցում», - նկատեց Սաքունցը:

Վարձկանների ու ջիհադիստների ներգրավումը` պատերազմական հանցագործություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ վարձկանների ու ջիհադիստների ներգրավումը պատերազմական հանցագործություն է. - «Եվ ունենք մենք դրա ապացույցը, երբ վարձկան-ահաբեկիչը հավաքում է զինատեսակները Պաշտպանության բանակի զինծառայողների, այդ տեսանյութում ոգևորված խոսում է այն մասին, որ տանելու և օգտագործելու է դա այլ երկրներում, ասում է` ինչ լավ է, որ մենք վերջապես ունեցանք այս քանակի զինամթերք, և մենք հնարավորություն ունենք հիմա դա տանել, օգտագործել այլ երկրներում, և ասում է` պատկերացրեք, եթե մենք Սիրիայում ունենայինք դա, որքան մեծ հաջողությունների մենք կհասնեինք»:

Ավելի քան մեկ ամիս ձգվող պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավվածությունը վկայող ապացույցներն այսօր Հայաստանի ներկայացուցիչը ՄԻԵԴ է ուղարկել։ Միևնույն ժամանա, Ստրասբուրգի դատարան են ներկայացվել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են՝ Թուրքիան չի կատարել հոկտեմբերի 6-ին Եվրադատարանի որոշումը և շարունակում է ուղղակի և անուղղակի ներգրավված մնալ այս պատերազմում, հաղորդում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ Եվրադատարանը Թուրքիային կոչ էր արել զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։