Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ն սիրիացի ահաբեկչի է գերեվարել, հաղորդում է հայկական կողմը


Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր, լուսանկարը` ՊԲ-ի հրապարակած տեսանյութից

Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) հաղորդմամբ՝ գիշերը հայկական կողմը մեծ քանակությամբ ադրբեջանական զինուժի զինամթերք և մարդկային ուժ է խոցել։ «Կեսգիշերից հետո ադրբեջանական կողմը փորձել է հարձակվել հարավ-արևելյան ուղղությամբ, ինչը ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են։ Հյուսիսային ուղղությամբ նույնպես մարտեր են ընթացել, որոնք ևս կասեցվել են»,- հայտնում է Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը՝ հավելելով, որ ադրբեջանական խմբավորումների հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Պաշտպանության բանակը նաև տեսանյութ է հրապարակել, որում, ըստ պաշտոնական աղբյուրի, երևում է ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը:

Հայկական կողմը պնդում է նաև, որ Արցախի պաշտպանության բանակը Սիրիայի Համմա քաղաքում ծնված ահաբեկչի է գերեվարել, ընդ որում հաղորդագրությունում շեշտվում է, որ տղամարդը գերեվարված հերթական զինյալն է: ՊԲ-ի հաղորդմամբ` գերեվարված իսլամիստ ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխերի է: Նա, ըստ հաղորդագրության, խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանա-արցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը, սակայն, չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմել է, որ ճակատային գծում իրենք գնում էին առջևից, իսկ երկրորդ և երրորդ գծով արդեն առաջ էին շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Հայկական կողմիը հայտնում է նաև բնակավայրերի թիրախավորման մասին: Նույն պնդումը Բաքուն է անում` մեղադրելով հայկական կողմին:

Կեսօրին Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Ավելի ուշ Հովհաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակվել են. - «Առավոտից մարտական գործողություններ են ընթանում և՛ հյուսիսում, և՛ կենտրոնական շրջանում, և՛ հարավում»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Շուշիին մերձակա գյուղերում նույնպես մարտեր են ընթանում. - «Մարտերն ընթանում են, դիվերսիոն խմբերի հետ կռիվ է գնում, չեզոքացնում են, երեկ ողջ գիշեր խփել են»:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով` հայկական ուժերին հաջողվել է մի քանի գյուղերից հեռացնել ադրբեջանական խմբավորումներին:

XS
SM
MD
LG