Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի թեկնածությունը

Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահության թեկնածությունը, Վիլմինթտոն, Դելավերի նահանգ, 20 օգոստոսի, 2020թ.

Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական ոճով է խոսում մրցակցի մասին:

Դեմոկրատական Ջո Բայդենը երեկ՝ կուսակցության ազգային համագումարի վերջին օրը, ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահության թեկնածությունը:

Կուսակիցներին և հայրենակիցներին հասցեագրված հանդիսավոր ուղերձում նախկին փոխնախագահը հավաստիացրեց, որ գերագույն պաշտոնը ստանալու դեպքում իր առաջնահերթ առաքելությունը կլինի միավորել երկիրն ու հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, դրա հետևանքով ի հայտ եկած տնտեսական ծանրագույն ճգնաժամը, անարդարությունը և ռասայական անհավասարությունը:

Համառոտ անդրադառնալով արտաքին հարցերին, Բայդենն ասել է, որ համերաշխության և գործընկերության ոգով կաշխատի դաշնակիցների հետ, ապա՝ որևէ կոնկրետ երկրի անուն չնշելով, ավելացրել է, թե «բռնապետներին սիրաշահելու, նրանց երես տալու օրերը կվերջանան»:

Նախագահության թեկնածուի փոխանցմամբ, Դոնալդ Թրամփը ձախողել է Ամերիկան պաշտպանելու յուրաքանչյուր նախագահի համար սրբազան պարտավորությունը: «Հայրենակիցներ, դա աններելի է», - ասել է Բայդենը:

Դեմոկրատների թեկնածուն ներկայացրել է հետթրամփյան Ամերիկայի մասին իր պատկերացումը, ասելով, որ գործող նախագահի օրոք Ամերիկան պառակտվել է, բաժանումները, տարաձայնությունները խորացել են, աճել է ատելությունը, մարդիկ հուսահատված են և ահաբեկված:

«Հույսը վախից ավելի հզոր է, լույսը խավարից ավելի ուժեղ է։ Եկել է մեր ժամը, սա է մեր առաքելությունը», - դիմելով ամերիկացիներին, ասել է 77-ամյա թեկնածուն:

Նա ընդգծել է, որ հպարտ դեմոկրատական է և պատրաստ է բարձր պահել կուսակցության դրոշն ու գնալ դեպի ընտրություններ:

«Սա մեծագույն պատիվ է, խոնարհաբար ստանձնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածությունը», - ասել է Ջո Բայդենը:

Դեմոկրատների կողմից ԱՄՆ փոխնախագահ է առաջադրվել 55-ամյա սենատոր Քամալա Հարիսը:

Երեկ Բայդենին իրենց աջակցությունն են հայտնել նաև դեմոկրատական նախկին թեկնածուները:

Նրանք խոսել են նախկին փոխնախագահի մարդկային բարձր որակների, այլոց ցավը հասկանալու և կիսելու ունակության մասին, անուղղակի նկատել են տվել, որ կյանքի ընթացքում անձնական մեծ ցավ ապրած Բայդենը կարողանում է հասկանալ ուրիշի դժբախտությունը:

Մոտ 4 տասնամյակ առաջ Բայդենի առաջին կինը և մեկամյա դուստրը զոհվել են դաժան ճանապարհային վթարում, փոքրիկ տղաներն էլ կորտվածքներ են ստացել ու հրաշքով են փրկվել:

Վեց տարի առաջ էլ այդ տղաներից մեկը՝ խոստումնալից տաղանդավոր քաղաքական գործիչ Բյու Բայդենը գլխուղեղի քաղցկեղից է մահացել:

Արտաքնապես զուսպ Բայդենը խոստովանել է, որ աներևակայելի տանջանքների և հուսահատության քավարանով է անցել և ոտքի է կանգնել միայն երկրորդ կնոջ՝ Ջիլի անսահման նվիրվածության ու աջակցություն շնորհիվ:

«Բոստոնի մարաթոնի ահաբեկչական ռմբահարման տարին էր, շատ հուզված էինք, որ փոխնախագահն է ժամանել, մի պահ նա սկսեց խոսել երեխային կորցրած ծնողի հետ, ապա մի տղամարդու, ում կինն է զոհվել, նա դիմում էր մարդկանց, ովքեր մտերիմներին են կորցրել, նա խոսում էր այդ ընտանիքների հետ, և խոսքերը հենց սրտից էին բխում», - ասել է դեմոկրատական նախկին թեկնածու Էլիզաբեթ Ուորենը:

Ջո Բայդենի հաղթանակի կարևորությանն է անդրադարձել նաև սենատոր Բերնի Սանդերսն, ով, թերևս, ամենահզոր մրցակիցն էր ներկուսակցական ընտրարշավում:

«Սա ամենակարևոր ընտրությունն է երկրի արդիական պատմության ընթացքում: Հանձին Ջո Բայդենի մենք ունենք զգայուն, ազնիվ, պարկեշտ լիդեր, ով հատկապես անհրաժեշտ է ամերիկյան պատմության հենց այս շրջանում, տե՛ր իմ, բոլորս՝ առաջադիմական, թե չափավոր, պետք է այսօր միավորվենք ա՛յս նախագահին պարտության մատնելու համար», - ասել է Սանդերսը:

Դեմոկրատներից նախկին թեկնածու, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեծահարուստ գործարար Մայքլ Բլումբերգն, ով ժամանակին նաև հանրապետական էր, երեկ Ամերիկային հորդորել է մերժել Թրամփին:

«Ես ձեզ կոչ չեմ անում քվեարկել Դոնալդ Թրամփի դեմ, որովհետև նա վատ տղա է, ես կոչ եմ անում նրան դեմ քվեարկել, որովհետև նա վատ է աշխատում», - ասել է Բլումբերգը:

Հանրապետական նախագահ Թրամփը նախընտրական հանդիպումներում պնդում է, որ Բայդենը չունի երկրում կարգուկանոն ապահովելու ունակություն, թույլ լիդեր է, զենքի իրավունքի դեմ է, սոցիալիստական օրակարգով է առաջնորդվում:

Հեռախոսով պատասխանելով «Ֆոքս» հեռուստակայանի մեկնաբան Շոն Հանիթիի հարցերին, Թրամփն ասել է, թե առաջիկա ընտրությունները կդառնան ամերիկյան պատմության ամենախայտառակ կեղծիքը:

«51 միլիոն քվեաթերթիկներ փոստով կուղարկվեն ընտրողներին, նրանցից շատերն այդ ժամանակ արդեն մահացած կլինեն, շատերը մեկից ավելի թերթիկ կստանան, դա սարսափելի բան է լինելու», - ասել է Թրամփը:

Փենսիլվանիայում էլ Թրամփն ասել է, թե Բայդենն այդ նահանգում է ծնվել, բայց «վաղուց է ուրացել ծննդավայրը և երբեք իր հարազատ նահանգով չի զբաղվել»:

«Այս ընտրություններում որոշվում է մեր երկրի ճակատագիրը, որովհետև մյուս ճամբարում խենթեր են, նրանք լրիվ գժվել են, նայում ես Հիլարիին, նա Ջոից ավելի խելացի է, 4 տարի առաջ նրանք գոնե ինչ-որ չափով մեղսունակ էին, հիմա լրիվ խելքները կորցրել են և արմատական ձախակողմյան օրակարգ են առաջ տանում, Բայդենը ձախակողմյան արմատականների ձեռքում խամաճիկ է», - ասել է Թրամփը:

Այնուամենայնիվ, չնայած այդ ագրեսիվ հռետորաբանությանը և վիրավորական ոճով մրցակցի մասին խոսելու սովորությանը, հարցումների արդյունքները վկայում են, որ առնվազն այս պահին Թրամփը վարկանիշով տասը կետով զիջում է Բայդենին:

Հաջորդ շաբաթ նախատեսված է հանրապետականների ազգային համագումարը, որը նախագահի և փոխնախագահի թեկնածուներ կհաստատի Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: