Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ԱՄՆ դեմոկրատների ազգային համագումարը


ԱՄՆ նախագահության հավանական թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը ներկայացնում է փոխնագահության հավանական թեկնածու Քամալա Հարիսին, Վիլմինգտոն, Դելավերի նահանգ, 12 օգոստոսի, 2020թ.

Այսօր Վիսկոնսինի նահանգում՝ Միլուոքի քաղաքում սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը պետք է ի պաշտոնե նախագահության թեկնածու առաջադրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ով արդեն հայտնել է փոխնախագահի թեկնածությունը սենատոր Քամալա Հարիսին վստահելու որոշման մասին:

Ամերիկյան նախագահական ընտրություններից ամիսներ առաջ գումարվող երկու կուսակցությունների ազգային համագումարները խոշոր քաղաքական միջոցառումներ են:

Առաջադրվող թեկնածուի անունը ներկուսակցական նախնական ընտրություններից հետո գործնականում հայտնի է լինում, ընթերցվում են ելույթներ, կազմակերպվում են հանրային հավաքներ և համերգներ, համագումարը յուրօրինակ քաղաքական տոնի է վերածվում:

Սակայն 2020 թվականը կորոնավիրուսի տարի է, և համավարակը ստիպել է փոխել ազգային համագումարների ձևաչափը: Դրանք, ըստ էության, հիմնականում կանցնեն առցանց տարբերակով:

Ինքը՝ Բայդենը, Միլուոքի չի մեկնի և թեկնածությունը ստաձնելու հանդիսավոր ուղերձով կուսակիցներին ու հայրենակիցներին կդիմի տնից, որը գտվում է Դելավերի նահանգում՝ Վիլմինգթոն ավանում:

Միլուոքիում ելույթներով հանդես կգան հիմնականում Վիսկոնսինի նահանգի դեմոկրատ կուսակցական գործիչները:

Համագումարի բանախոսների թվում են նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը, Միչիգանի և Նյու Յորքի նահանգապետեր Գրետհեր Ուիթմերն ու Էնդրյու Քուոմոն, նախկին նախագահներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման, նախկին առաջին տիկին և նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:

Դեմոկրատների քաղաքական ամբողջ ասպարեզի տասնյակ գործող ու պաշտոնաթող անվանի լիդերներ են հաջողություն մաղթելու Բայդենին: Ի դեպ, կխոսեն նաև Բայդենին սատարող հանրապետականներ: Դեմոկրատների ազգային համագումարը կավարտվի հինգշաբթի օրը՝ օգոստոսի 20-ին:

Հանրապետականների Ազգային համագումարը նույնպես կանցնի հեռավար եղանակով և տեղի կունենա օգոստոսի 24-ից 27-ը:

Թեկնածուներն են գործող նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG