Մատչելիության հղումներ

Թրամփի չորս կուսակիցներ մասնակցում են Դեմոկրատական կուսակցության համագումարին


Դեմոկրատները համագումարն անցկացնում են հեռավար։

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին` երեկ, դեմոկրատները սկսեցին քարոզարշավի ամենավճռորոշ հավաքներից մեկը` քառօրյա համագումարը, որտեղ էլ կառաջադրեն նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում:

Առաջին անգամ պատմության մեջ կուսակցության հավաքն անցնում է հեռավար` կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որն էլ, ի դեպ, դարձավ ելույթների ու գործող նախագահին ուղղված քննադատության հիմնական թեմաներից մեկը:

Նախագահության նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը Դոնալդ Թրամփին համեմատեց Ներոնի հետ. - «Երբ Հռոմն այրվում էր, Ներոնը ջութակ էր նվագում, իսկ Թրամփը գոլֆ է խաղում: Նրա գործողությունները համաճարակի ժամանակ հանգեցրին 170 հազար մարդու մահվան: Ընդ որում, Ամերիկան հիմա էլ դեռ պատրաստ չէ պաշտպանել իր քաղաքացիներին: Թրամփի անտարբերության պատճառով է՛լ ավելի սրվեց նաև տնտեսական ճգնաժամը:

Համաճարակի բռնկումից հետո` արդեն շուրջ հինգ ամիս է, Նահանգներում ամեն օր կորոնավիրուսի առնվազն երեսուն հազար նոր դեպք է գրանցվում: Ընդհանուր առմամբ արդեն հինգ ու կես միլիոնից ավելի մարդ է վարակվել, 170 հազարը` մահացել:

Վարակի առաջին ալիքը չհաղթահարած` հունիսին բռնկվեց երկրորդը` ստիպելով տասնյակ նահանգներում կրկին կարանտին հայտարարարել ու աշխատողներին տուն ուղարկել: Արդյունքում աշխարհի ամենահզոր տնտեսությունը երկրորդ եռամսյակում 33 տոկոսի անկում արձանագրեց, հարված, որի նմանը Ամերիկան դեռ չէր ստացել:

«Մեր տնտեսությունը քաոսի մեջ է», - երեկ հայտարարեց նախկին առաջին տիկին Միշել Օբաման` տեղում հավելելով, որ այդ իրավիճակը ստեղծվել է գործող նախագահի ապաշնորհ քայլերի հետևանքով. - «Դոնալդ Թրամփը պետք եղածից ավելի ժամանակ ուներ ապացուցելու, որ ունակ է իրականացնել նախագահի պարտականությունները, բայց դա, ակնհայտորեն, նրա ուժերից վեր է: Նա ուղղակի չի կարող լինել այն մարդը, որի կարիքը մենք ունենք: Եվ ամեն անգամ, երբ մենք Սպիտակ տան առաջնորդության կամ հստակ դիրքորոշման կարիքն ենք ունենում, փոխարենը ստանում ենք քաոս, պառակտում և կարեկցանքի լիակատար բացակայություն»:

Պառակտման ու անհանդուրժողականության մասին խոսեցին բոլորը` այս հարցում ևս մեղադրելով նախագահ Թրամփին: Հավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով խեղդամահ էր եղել, երբ ոստիկանը մոտ ութ րոպե ծունկը սեղմած էր պահել նրա կոկորդին: Դրանից հետո խտրականության դեմ սկսված բազմահազարանոց ցույցերը շարունակվում են ցայսօր:

«Դաշնային կառավարությունը երկիրը համախմբելու, մեր պետության իմունային համակարգը ամրապնդելու փոխարեն է'լ ավելի է խորացրել տարաձայնությունները` խոցելի դարձնելով երկիրը յուրաքանչյուր մարտահրավերի առջև», - հայտարարեց Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն: - «Մենք հիմա առաջնորդի կարիք ունենք, որը կլինի այնքան լավը, որքան մեր ժողովուրդն է: Առաջնորդ, որն ունի մեր լավագույն գծերը, ոչ թե`վատագույն: Առաջնորդ, որը կարող է մեզ միավորել, ոչ թե պառակտել ու մաս-մաս անել: Ես գիտեմ այդ մարդուն, աշխատել եմ նրա հետ և տեսել եմ նրա տաղանդը: Տեսել եմ նրա ցավը և սրտացավությունը: Դա Ջո Բայդենն է, ով կարող է վերստին արթնացնել Ամերիկայի ոգին, և դա այն է, ինչի կարիքը մենք այսօր ունենք»:

Այն, որ կուսակցության առաջնորդներն ու ազդեցիկ դեմքերը մեկը մյուսի հետևից դրվատում ու մեծարում էին նախկին փոխնախագահին, զարմանալի չէր. հավաքը հենց դրա համար էր կազմակերպվել: Արտառոց էր սակայն, երբ հավաքին միացան հակառակ ճամբարի` հանրապետականների ներկայացուցիչները: Համագումարի առաջին իսկ օրը Թրամփի չորս կուսակիցներ, այդ թվում Օհայոյի նախկին նահանգապետ, նախագահության նախկին թեկնածու Ջոն Կեյսիկը, հայտարարեցին, թե մի կողմ են դնում կուսակցական պատկանելությունն ու պաշտպանում Ջո Բայդենի թեկնածությունը:

«Ես հանրապետական եմ եղել ողջ կյանքս, սակայն երկրի առջև իմ պատասխանատվությունը վեր է կուսակցական հավատարմությունից: Դա է պատճառը, որ որոշել եմ ելույթ ունենալ այս համագումարում: Ես հպարտ եմ այն ժառանգությամբ, որն ունի Հանրապետական կուսակցությունը: Հենց Լինքոլնի կուսակցությունն է մարմնավորում միասնության ու գերնպատակի հասնելու հիմնարար սկզբունքները: Սակայն այն, ինչի ականատեսը եղա վերջին չորս տարիների ընթացքում, հակասում է այդ սկզբունքներին», - ասաց Կեյսիկը:

Ելույթները կշարունակվեն նաև այսօր: Ակնկալվում է, որ Բայդենի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի համագումարի վերջին օրը` առաջիկա հինգշաբթի: Ինքը` նախագահության թեկնածուն, դեռ ելույթ չի ունեցել, սակայն Թվիթերում գրել է. - «Մենք տեսանք, որ ամերիկացիները պատրաստ են միավորվել, հաղթահարել այս ճգնաժամն ու դրանից դուրս գալ առավել հզորացած: Միացեք մեզ, օգնեք պարտության մատնել Թրամփին, ու նոր ուղու վրա դնել մեր երկիրը»:

«Դեմոկրատների նախանշած այդ ուղին Ամերիկան տանելու է դեպի ձանձրալի սոցիալիզմ ու դժոխք», - հակադարձել է նախագահ Թրամփը, ով ընդդիմախոսների հավաքին զուգահեռ սեփական քարոզարշավն է սկսել նույն Վիսկոնսին նահանգում: Ի տարբերություն դեմոկրատների, նա դեմ առ դեմ է հանդիպել աջակիցներին` պնդելով, թե մրցակից, 77-ամյա Ջո Բայդենն ուղղակի վախենում է ուղիղ խոսքից ու բանավեճից. - «Նա անընդհատ սխալներ է թույլ տալիս, որոնք հետո չի կարողանում ուղղել: Այդ պատճառով էլ չի խոսում այսպես`դեմ առ դեմ: Ջոն հոգնածի մեկն է, նրա երգը երգված է»:

Թրամփը Բայդենից փոքր է երեք տարով, սակայն առիթը բաց չի թողնում պնդելու, թե մրցակիցն այլևս ունակ չէ առաջնորդել երկիրը: «Մտավոր ու ֆիզիկական կարողությունները չեն ներում», - երեկ հայտարարում էր նա` ընդգծելո, որ նախագահը պետք է կարողանա շախմատի համաշխարհային վարպետների հետ բանակցել:

Ընդ որում, համաշխարհային այդ խաղացողների շարքում նա չորս անուն նշեց, չորսն էլ բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդներ. - «Ասեմ մի բան, որ նկատել եմ` Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցին Պինը, Կիմ Չեն Ինը, Թուրքիայի նախագահ Էրդողանը. նրանք համաշխարհային կարգի շախմատ խաղացողներ են: Մենք չենք կարող ունենալ նախագահ, որն ուժասպառ է, պատկառելի տարիքում և ոչ այնքան լավ վիճակում: Այս առաջնորդները բոլորը շախմատային վարպետներ են, և երազում են ուղղակի, որ Բայդենը հաղթի»:

Մի քանի օրից` այս շաբաթվա վերջին կմեկնարկի հանրապետականների համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի Թրամփի թեկնածությունը: Մինչ այդ գործող նախագահը երեկ պնդել է, որ սեփական հաղթանակին չի կասկածում:

«Մենք կպարտվենք միայն մեկ դեպքում. եթե ընտրությունները կեղծվեն», - ասել է նա` առաջիկա քվեարկությունը համարելով «ամենավտանգավորն ու վճռորոշը ԱՄՆ-ի պատմության մեջ»:

XS
SM
MD
LG