Ալիև. Թուրքիան կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, երեկ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով Թուրքիայի ռազմական ղեկավարությանը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ:

Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքու էին ժամանել նախօրեին` հետևելու համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին: Լայնամասշտաբ այդ զորախաղերը մեկնարկել էին հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Դրանց մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ ու, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել` «լարվածության սրացմանը նպաստող որևէ գործողություն թույլ չտալու կարևորությունը»: Ալիևը երեկ պնդել է` այդ մտահոգությունները զուր էին:

«Մենք ամեն տարի թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ավելի քան տասը նման` համատեղ զորավարժություն ենք անցկացնում, դա սովորական երևույթ է, և այստեղ ինչ-որ արտառոց բան փնտրել պետք չէ: Մենք ևս նկատում ենք, որ այս վարժանքները անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում, սակայն դրանց համար հիմքեր չկան: Սա թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումն է», - հայտարարել է Իլհամ Ալիևը: Վերջինս նաև պնդել է, թե մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Վերջին հինգ տարիներին, ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, Ադրբեջանը զինատեսակների շուրջ 60 տոկոսը ձեռք էր բերել Իսրայելից, 30 տոկոսը` Ռուսաստանից: Հիմա, սակայն, Բաքուն կարծես մտադիր է կենտրոնանալ թուրքական արտադրանքի վրա: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան այժմ հզոր ռազմաարդյունաբերական ներուժ ունի, որից նաև մենք ենք օգտվում: Ուզում ենք ապագայում ևս շարունակել այդ համագործակցությունը: Վստահ եմ, որ առաջիկայում Թուրքիան, ինչպես մյուս ոլորտներում, ռազմատեխնիկականում ևս կդառնա մեր թիվ մեկ գործընկերը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ սահմանային վերջին բախումների մասին. - «Թուրքիան դարձավ մեզ առաջինը և միանշանակ աջակցող երկիրը», - ասել է Ադրբեջանի առաջնորդը` չհստակեցնելով, թե ինչ դիրքորոշում են հայտնել մյուս դաշնակիցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու դժգոհել Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի կապակցությամբ: «Ալիևը նշել է, որ հուլիսի 17-ից ի վեր Հայաստան ավելի քան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկվել», - հաղորդել էր Ադրբեջանի նախագահական նստավայրն ու հավելել. - «Իլհամ Ալիևն ասել է, որ Պուտինի հետ իր հեռախոսազրույցի հիմնական նպատակն է պարզել հենց այդ հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում»:

Բաքվում հնչող այդ մտահոգությունների ֆոնին` Թուրքիայի պաշտպանության նախարարը երեկ եղբայրական երկրին կրկին հավաստիացրել է` դուք մենակ չեք: «Ուզում եմ բացեիբաց հայտարարել, որ մեր բոլոր միջոցներով մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»,- երեկ` համատեղ զորավաժությունների ավարտին, հայտարարել է Հուլուսի Աքարը:

Ի դեպ, Ստոկհոլմում գործող հետաքննական կենտրոններից մեկը` Nordic Research Monitoring Network-ը, օրեր առաջ մի ուշագրավ փաստաթուղթ է գաղտնազերծել, որում թուրքական ռազմական հրամանատարությունը կարծիք է հայտնում, թե հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում Ռուսաստանն աջակցելու է Երևանին: Գաղտնի այդ կոմյունիկեն, ըստ հրապարակման, գրվել է 2015-16թթ.` Թուրքիայի զինված ուժերի վերապատրաստումներին նվիրված ծրագրի շրջանակներում: Փաստաթղթում այն ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այժմ` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պնդել է` քանի որ Ռուսաստանը աջակցելու է Հայաստանին, Թուրքիան պետք է օգնի Ադրբեջանի զինված ուժերին` ռազմական վերապատրաստման և համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով:

Փաստաթուղթը, ըստ հրապարակման, առգրավվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից` 2016-ի հեղաշրջման փորձից հետո, «այն բացահայտվել է Անկարայում ընթացող մի դատաքննության ժամանակ, երբ դատախազ Սերդար Չոշքյունը կցել է այն նախաքննական նյութերին», - հաղորդում է հետաքննական կառույցը` հրապարակելով փաստաթղթից արված մի փոքր լուսանկար:

Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն առայժմ այս հրապարակմանը որևէ կերպ չեն արձագանքել: Ադրբեջանի նախագահն իր հերթին երեկ հայտարարել է` թուրք-ադրբեջանական զորավարժություններն այսուհետ առավել ինտենսիվ կլինեն: