Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 120 հազարին, մահացել է 4,3 հազար մարդ, բուժվել՝ 66,5 հազարը

Իտալիա - Զբոսաշրջիկը Միլանի տաճարի մոտ, 10-ը մարտի, 2020թ.

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 120 հազարին, մահացածներինը՝ 4,3 հազարին, ապաքինվել է 66,5 հազար մարդ։

Եվրամիությունը համաճարակի դեմ պայքարի համար 25 միլիարդ եվրոյի ներդրումային հիմնադրամ է ստեղծում:

Ամենածանր իրավիճակը ներկայումս Իտալիայում է։ Այստեղ վերջին մեկ օրվա ընթացքում 168 մարդ է մահացել, վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 631-ի: Իտալիայում ավելի քան 10 հազար մարդ հիվանդ է, 877-ի վիճակը ծանր է:

Վարակակիրների թվի կտրուկ աճ է նկատվում Իսպանիայում, որտեղ այն հասել է 1695-ի, 36 մարդ մահացել է:

Ֆրանսիայում 1784 մարդ վարակված է, մահացել է 33-ը։ Նախագահ Էմանյուել Մակրոնը քաղաքացիներին հորդորել է իրատես լինել և նախազգուշացրել է, որ համաճարակը նոր է սկսվում:

Չեխիայում, որտեղ հաստատվել է ընդհանուր առմամբ 63 դեպք, կառավարությունը փակել է բոլոր ուսումնական հաստատությունները և արգելել հարյուրից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները:

Լեհաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել գեներալ Յարոսլավ Միկիյի մոտ, ով վերադարձել է Գերմանիայից, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի երկրների բանակների հրամանատարության ներկայացուցիչների հետ:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է առողջապահության նախարարը։ Ընդհանուր առմամբ երկրում արձանագրվել է հիվանդության 382 դեպք, մահացել է 6 մարդ:

Միացյալ Նահանգներում վարակի հետ կապված՝ դեմոկրատները չեղարկել են իրենց հանդիպումներն ընտրողների հետ:

Ղազախստանը փակել է մուտքը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար:

Հայաստանում, հիշեցնենք, կորոնավիրուսի հաստատված ընդամենը մեկ դեպք կա: