ԼՀԿ-ն «ոչ»-ի արշավ չի սկսի. իշխանությունն «աբսուրդ» է որակում այդ որոշումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 11 փետրվարի, 2020թ.

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեև սպասվող հանրաքվեն հակասահմանադրական է համարում, բայց «ոչ»-ի քարոզչություն չի իրականացնի:

«Մենք չենք պատրաստվում դառնալ այս հակահերոսը», - ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու հայտնեց՝ «Լուսավոր»-ն իրեն որևէ ճամբարում չի տեսնում։ Մյուս ուժերին էլ կոչ արեց «ոչ»-ի ճակատ չձևավորել, ինչպես ձևակերպեց, «իշխանությանը որևէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտալու համար»:

«Հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ»-ի ճամբար չպիտի լինի, ինչո՞ւ, որովհետև իշխանությանն օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, այսպիսի ելույթներ ունենա, որից արդեն բոլորը հոգնել են, և մարդկանց հանի, ասի՝ այ էս անգամ եթե դուք չգնաք տեղամասեր, նրանք կգան ու ձեզ կկեղեքեն, այդպիսի բաներ պատմի, որ մարդիկ գնան ընտրական տեղամասեր, բայց եթե չի լինում «ոչ»-ի ճամբար, թող մենակ «այո»-ն քարոզեն, մեր ժողովուրդն էլ կորոշի՝ կգնա, կքվեարկի այդ «այո»-ն, չի գնա, չի քվեարկի: Բոլորին կոչ ենք անում՝ մի՛ լցրեք իշխանության ջրաղացին ջուր՝ մտնելով այդ ատելության ճակատի մեջ, որովհետև այդ ճակատով դուք ապահովելու եք «այո»-ի հաղթանակը», - ասաց Մարուքյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյան

Իշխանական «Իմ քայլ»-ից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն աբսուրդ որակեց ընդդիմադիրների որոշումը․ - «Եթե իրենք պնդում են, որ դա սխալ է, և իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ընտրողների առջև, և պետք է այդ մարդկանց ուղղորդեն: Ինքը հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ամենայն հավանականությամբ գալու է և «այո» է ասելու, և դրանից խուսափում է հասկանալով, բայց միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել և չի կարողանում խուսափել այն անցյալից՝ նկատի ունենալով մեկ, երկու, երեք օրը, որ ինքը կտրուկ հայտարարություններ էր անում, ասում էր՝ ես հնարավոր է նաև գլխավորեմ, որ նախագահը չի ստորագրի և այլն, չի կարողանում դրանից փախչի և միևնույն ժամանակ իրեն արդարացնում է: Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվի՝ ինքն ինչ է անում»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան

Հրայր Թովմասյանի ու Սահմանադրական դատարանի 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, բայց խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանի խոսքով, դեռ չի որոշել՝ «այո»-ի, թե «ոչ»-ի ճամբարում կլինի:

«Մեզ մոտ միաձայն չի, որ ասեմ՝ այսպես է, այլ մենք քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և մեր տեսակետը կհայտարարենք, և բոլորն էլ կիմանան «այո», թե «ոչ», - նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայան

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ կուսակցության քաղխորհուրդը շաբաթվա վերջում քննարկումներ կանցկացնի։ ԲՀԿ-ի որոշումից էր կախված՝ ընդդիմադիրները կդիմեն ՍԴ, թե ոչ՝ վիճարկելու հանրաքվեի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման օրինականության հարցը: Սահմանադրությամբ առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։ 17 հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ էր, բայց առանց ԲՀԿ պատգամավորների այդ գործը հնարավոր չէր գլուխ բերել։ Փետրվարի 6-ի քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ-ն ընթացակարգային խախտումներից էր խոսում, բայց միևնույն ժամանակ հայտարարում՝ հանրաքվեի գաղափարին դեմ չեն: Ծառուկյանն, այսօր, ըստ էության, բացասական պատասխան տվեց ՍԴ գնալու Մարուքյանի առաջարկին. - «Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, ճի՞տ է, թե՞ ոչ, դրա համար մենք ձեռնպահ ենք»:

ԼՀԿ ղեկավարն էլ նկատեց. - «Համապատասխան թվով ստորագրություններ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի, հետևաբար այդ հարցը, կարծում եմ, այլևս փակված է»:

Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ փետրվարի 6-ի թեժ քննարկումներից հետո ինքն ու կուսակիցները ստանում են սպառնալիքներով նամակներ, ֆեյսբուքյան գրառում է արել, բայց իրավապահները, նրա խոսքով, չեն արձագանքել, որոշել է անձամբ ընթացք տալ. - «Այդ ատելության գեներացիան որտեղի՞ց է եղել, իշխանություններից, այսինքն՝ իշխանությունն ինչի՞ պիտի արձագանքի իր գեներացրած ատելությանը, բայց ես ներկայացրել եմ հաղորդում գլխավոր դատախազին երեկ հենց: Ես կարճ ուղղակի ասեմ՝ ինչ են գրել. - «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի, չդիպչի» և այլն: Մնացածը հայհոյանք է, ֆեյք չի գրողը, օգտատեր է ռեալ»:

Արձագանք կլինի, վստահ է Ալեն Սիմոնյանը. - «Էդմոն Մարուքյան ֆան» էջը 2-3 օր առաջ ինձ, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ էր գրում: Ես դա ուղարկել եմ իրեն, ասում եմ՝ էս ի՞նչ է, Էդմոն ջան, մեր մասին ես խոսում: Սպառնալիք չէր, վիրավորանք էր: Հիմա վիրավորանքի և սպառնալիքի մեջ, կարծում եմ, այդ գիծը շատ բան է, և ես ընդունում եմ, որ միանշանակ չի կարող այդպիսի բան լինել, որ պարոն Մարուքյանին կամ որևիցե մեկին սպառնալիք լինի: Դա անընդունելի է և խիստ դատապարտելի, բայց ասել, որ սա անում են իրենք, ֆեյքեր ունեն իրենք»:

Մինչ անորոշ է՝ ովքեր են լինելու «ոչ»-ի քարոզիչները, արդեն իսկ հայտնի է «այո»-ի շտաբի պետի անունը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն ղեկավարելու է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլ»-ի նախընտրական շտաբի ղեկավարն էր: