Կիրակի օրը Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը:
Երկու օր առաջ Ադիլ Աբդուլ-Մահդին հայտարարել էր, որ կլքի պաշտոնը՝ զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով, որոնք գրեթե երկու ամիս է չեն դադարում:
Դեռ պարզ չէ, թե ով է փոխարինելու Աբդուլ-Մահդիին վարչապետի պաշտոնում:
Անցած հինգշաբթին բողոքի ցույցերի սկսվելուց հետո ամենաարյունալի օրն էր: Բաղդադում, Նաջաֆում և Նասիրիայում անվտանգության ուժերի կողմից առնվազն 40 մարդ սպանվեց:
Amnesty International-ն այդ իրադարձություններն անվանել է արյունահեղություն: Իրաքում տեղի ունեցածի վերաբերյալ մտահոգություն է արտահայտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Իրաքի` հիմնականում շիաներով բնակեցված հարավային Նաջաֆ քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ երեկ ցուցարարները կրկին այրել են Իրանի հյուպատոսարանը՝ երկրորդ անգամ մեկ շաբաթվա ընթացքում:
Հարձակումը տեղի է ունեցել Բաղդադում և Իրաքի շիաներով բնակեցված տարածներում ցույցերի ֆոնին: Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են աշխատատեղեր, վերջ տալ համատարած կոռուպցիային և բարելավել հանրային ծառայությունների որակը։
Իրաքում այս տարվա հոկտեմբերից ի վեր զանգվածային ակցիաների ժամանակ սպանվել է 400 ցուցարար, ավելի քան 1500 մարդ վիրավորվել է: