Իրաքում վերսկսված ցույցերի ընթացքում առնվազն 42 մարդ է սպանվել, շուրջ 1800-ը՝ վիրավորվել

Իրաք - Անվտանգության ուժերը արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում են բողոքի ցույցը, Բաղդադ, 25-ը հոկտեմբերի, 2019թ.

Առնվազն 42 մարդ է սպանվել, շուրջ 1800-ը վիրավորվել է Իրաքում նոր թափով վերսկսված հակակառավարական ցույցերի ընթացքում:

Զոհերի թվում տասնյակ ցուցարարներ են, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ: Երկու շաբաթ առաջ բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել էր 167-ի, շուրջ 6 հազար մարդ վնասվածքներ էր ստացել:

Ցուցարարների դժգոհության պատճառը գործազրկությունն է, կոռուպցիան։ Իրաքի բնակչության զգալի մասը գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին, զրկված է մաքուր ջրից, հոսանքից, կրթությունից և բժշկական ծառայություններից:

Նախօրեին բողոքի գործողությունների մասնակիցների դեմ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, այդ կերպ փորձելով ցրել ամբոխը, որը հավաքվել էր այսպես կոչված «Կանաչ գոտում», ուր տեղակայված են կառավարական շենքերը, օտարերկրյա դեսպանատները: