Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը

Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնում, 2006թ․

Քննչական կոմիտեն հաստատում է՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, սակայն, «Ազատությանը» տեղեկացրեց, թե վկան խոստացել է մի քանի օրից վերադառնալ:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այո, այս պահին չի գտնվում երկրում», - ասաց Հարությունյանը՝ ընդգծելով․ - «Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց»:

«Նշեմ, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա երկիր», - ասաց Քննչական կոմիտեի խոսնակը:

Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Գործի շրջանակում հարցաքննվել էր նաև Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։

Տե՛ս նաև այստեղ