Մատչելիության հղումներ

Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները


ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյան, արխիվ

Իրավապահների նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան Բջնիի իր առանձնատանը մահացած հայտնաբերված ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպան է եղել: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 63-ամյա Հարությունյանի գլխի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Հարցաքննվել են վկաներ, այդ թվում և Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին եղել է ատրճանակ և պարկուճ։

Քննչական կոմիտեն նաև հաղորդում է, որ առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Ըստ իրավապահների, դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու հոգուց, բնակարան մուտք չի գործել:

Ոստիկանության գեներալ-գնդապետի մահվանից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե դեպքից առաջ Հարությունյանը խոսել է Մարտի 1-ի գործի քննությունից, բողոքել է, թե իրեն պարտադրում են, որ սուտ ցուցմունք տա գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արյունալի իրադարձությունների զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ։

Քննչական կոմիտեն հերքեց այս հրապարակումները՝ հայտարարելով, որ դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնված անձը հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Օգոստոսին չհեռանալու ստորագրությամբ կալանքից ազատ արձակված Գեղամ Պետրոսյանը այսօր չցանկացավ մեկնաբանել իր նախկին ղեկավարի մահը։

«Շատ ցավում եմ, իմ մոտ ընկերն էր, բայց այս պահին չեմ մեկնաբանի», - ասաց Պետրոսյանը։

«Ազատության» հետ զրույցում Բջնի գյուղի վարչական ղեկավար Արմեն Մաթևոսյանը նշեց, որ 20 տարուց ավելի ճանաչում է Հայկ Հարությունյանին:

«Սաղս էլ հասկանում ենք՝ որտեղից պտի գա էս քայլի սկիզբը, աղբյուրները, սաղս էլ հասկանում ենք <…>, բայց չեմ պատկերացրել, որ ինքը կգնա էդ քայլին: Նախ ինքը շատ նաև, ոնց ասեմ, թույլ տղա չէր, պինդ տղա էր ինքը, շատ պինդ տղա էր, ես չեմ պատկերացնում, որ կարող ա ինքը գնար էս քայլին, ըտե գնալու նշանակում ա նենց հիմքեր են էղել, որ ինքը գնացել ա դրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բջնի գյուղի ղեկավարը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ նկատի ունի, Մաթևոսյանը պատասխանեց․ «Դե հմի ինչ նկատի ունենք, էդ էլ չեմ ասի»։

«Ազատության» դիտարկմանը, որ մամուլում խոսակցություններ են պտտվում, որ այս ամենը կապ ունի Մարտի 1-ի քրեական գործի հետ, որտեղ Հարությունյանը գլխավոր վկա էր, Բջնի գյուղի վարչական ղեկավարն արձագանքեց. «Ես չեմ կարա որոշեմ կապ ունի, թե չէ, որովհետև ես շատ փոքր մարդ եմ, նախաքննությունը այդ ամեն ինչը ցույց կտա»։

Համայնքապետը պատմեց, որ Հարությունյանը հաճախ էր գալիս Բջնի՝ առանձնատանը ծառեր էր աճեցրել, թռչուններ ուներ։ Նրան հանդիպել է 20 օր առաջ՝ շինանյութերի խանութում գնումներ էր անում։

Բջնիի բնակիչները, որոնց մի մասն անձամբ ծանոթ էր Հայկ Հարությունյանի հետ, ցավով էին ընդունել նրա մահվան լուրը։ Մեզ հանդիպած ոչ մի բջնեցի, սակայն, նրա մահը չկապեց Մարտի 1-ի գործի հետ։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի բուն գործից անջատված մասով դատավարությունը վերսկսվեց սեպտեմբերի 12-ին։ Այս գործով ամբաստանյալներ են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատորովը և Արմեն Գևորգյանը։ Անցած շաբաթ, երբ դատարանում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հարցը, նախկին նախագահը հայտարարեց, որ 2008-ի այդ օրերին ինքը մի քանի հոգու հետ է շփվել, որոնց թվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։

«Այդ 3-4 հոգուց մեկը Տիգրան Թորոսյանն էր՝ Ազգային ժողովի նախագահը, որի հետ ես համաձայնեցրել եմ, քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ Սարգսյանը եղել է նաև հանդիպման, նաև որպես վարչապետ զանգել եմ, համաձայնեցրել եմ հետը հրամանագիրը, Հայկ Հարությունյանն է ոստիկանապետը, որը իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով և Արմեն Գևորգյանն է, որին հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել արտակարգ դրության մասին», - նշել է Քոչարյանը։

Հայկ Հարությունյանը ողջ կյանքը աշխատել է իրավապահ համակարգում: 1999-2003 թվականներին զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, 2003-2008-ը եղել է ոստիկանության պետը: Այս պաշտոնից ազատվել է մարտիմեկյան իրադարձություններից երկու ամիս անց՝ 2008-ի մայիսին: Համակարգից հեռացել է 2014 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

XS
SM
MD
LG