Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով


ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյան

Այսօր հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանությունից:

Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին», - Ֆեյսբուքում գրում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ», - փոխանցում է Քննչական կոմիտեի խոսնակը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:

Քննչական կոմիտեի խոսնակը քիչ անց նոր գրառում կատարեց Ֆեյսբուքում: «Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն», - նշում է Հարությունյանը՝ լրատվամիջոցներին հորդորելով զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG