Մատչելիության հղումներ

Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը


Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնում, 2006թ․

Քննչական կոմիտեն հաստատում է՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, սակայն, «Ազատությանը» տեղեկացրեց, թե վկան խոստացել է մի քանի օրից վերադառնալ:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այո, այս պահին չի գտնվում երկրում», - ասաց Հարությունյանը՝ ընդգծելով․ - «Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց»:

«Նշեմ, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա երկիր», - ասաց Քննչական կոմիտեի խոսնակը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք վկայի բացակայությունը չի կարող բացասաբար անդրադառնալ գործի բացահայտման վրա, Նաիրա Հարությունյանն արձագանքեց․ - «Այս պահին վկայի մասնակցությամբ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարվել են, նախաքննական մարմինը ձեռք է բերել իր համար, քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր, այսպես ասած, ապացույցները, էնպես որ, նրա բացակայությունը, այս փուլում, համենայն դեպս, քրեական գործի վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող»:

Քննչական կոմիտեի խոսնակը հաստատեց, որ հենց այդ վկան է ներկա եղել Հայկ Հարությունյանի առանձնատանը․ - «Այո, խոսքը ականատես վկայի մասին է»: Հարցին էլ՝ իսկ եթե վկան չվերադառնա, ի վերջո, ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում, Հարությունյանը պատասխանեց․ - «Ես նշեմ, որ նախաքննական մարմինը նրա մասնակցությամբ որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն այս պահին չունի: Եթե ունենար, նախաքննական մարմինը հնարավոր է նրան, այսպես, բանավոր կերպով փորձեր ասել, որ երկրում մնա: Բայց նրա մասնակցությամբ բոլոր գործողություններն արդեն այլևս ավարտված են»:

«Այսինքն, եթե նա նույնիսկ որոշի չվերադառնալ Հայաստան, գործի բացահայտմանը այդ հանգամանքը չի վնասի», - այս դիտարկմանն էլ Հարությունյանն արձագանքեց․ - «Թույլ տվեք էդպես չասել, որ չի վնասի, բայց նորից կրկնեմ, որ նրա մասնակցությամբ բոլոր գործողություններն այլևս արված են: Այս պահի դրությամբ՝ նախաքննական մարմինը նրա մասնակցությամբ որևէ գործողություն անելու որևէ կարիք և անհրաժեշտություն չունի»:

Քննչական կոմիտեի խոսնակը փոխանցեց նաև, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: «Գիտեք, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, փորձաքննության եզրակացությունը այս պահին դեռևս չենք ստացել, և նախաքննական մարմինը, ըստ էության, սպասում է փորձաքննության ստացմանը», - նշեց Հարությունյանը՝ հավելելով․ - «Քանի որ փորձաքննություն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեն չէ, մենք իրավասու չենք ասել, թե որքան կտևի փորձաքննությունը»:

Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Գործի շրջանակում հարցաքննվել էր նաև Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։

XS
SM
MD
LG