Չավուշօղլու. Անկարան Սիրիայում ռազմական գործողություն կիրականացնի անկախ ամերիկյան զորքերի ներկայությունից

Թուրքիայի զինված ուժերի բեռնատարները տանկեր են փոխադրում դեպի Սիրիա, սեպտեմբեր, 2018թ․

Թուրքիան հաստատակամ է Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ անցկացնելու հարցում: Այդ մասին այսօր NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում թուրքական հնարավոր հարձակումը կախված չէ այստեղ տեղակայված ամերիկյան 2-հազարանոց ստորաբաժանման դուրսբերումից կամ այդ որոշման հնարավոր չեղարկումից:

«Միացյալ Նահանգների կողմից սիրիացի քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերին» ցուցաբերվող աջակցության դադարեցումը մեր վաղեմի ցանկությունն է: Այդ մասին մենք նույնիսկ փաստաթուղթ ենք մշակել: Խոսքը հունիսի 4-ին ստորագրված «ճանապարհային քարտեզի» մասին է: Այսօր, սակայն, հայտարարություններ են հնչում, թե սիրիացի քրդերի անվտանգությունը երաշխավորված չէ: Եթե ամերիկյան զորքերի դուրսբերումը չեղարկվի այն մտացածին պատրվակով, թե թուրքերը քրդերին կոտորում են, ապա ես կարող եմ ասել, որ մենք, միևնույն է, կիրականացնենք այս գործողությունը: Մենք կհստակեցնենք ռազմական գործողության ժամանակացույցը և դրա մեկնարկից առաջ որևէ մեկից թույլտվություն չենք հարցնի», - հայտարարում էր Չավուշօղլուն:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշում էր, որ այն ակնկալիքները, թե ամերիկացիները Սիրիան լքելուց առաջ կհավաքեն քրդերին հանձնած ողջ զինանոցը, իրատեսական չեն:

Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու մասին Անկարան հայտարարեց անցած տարեվերջին: Դրան զուգահեռ՝ Սպիտակ տունը անպասելի որոշում կայացրեց, որով Սիրիայի քրդաբնակ շրջաններում տեղակայված 2-հազարանոց ստորաբաժանումը պետք է դուրս բերվեր սեղմ ժամկետներում: Պենտագոնի` պաշտոնից հեռացող ղեկավար Ջեյմս Մաթիսը նույնիսկ հասցրեց ստորագրել ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակացույցը: Մոտ 10 օր առաջ, սակայն, ամերիկյան կողմի դիրքորոշումը սկսեց որոշակի փոփոխության ենթարկվել: Նախ Վաշինգտոնում հայտարարեցին, որ դուրսբերման ժամկետները դեռ հստակեցված չեն, հետագայում այդ ողջ գործընթացը ուղղակիորեն շաղկապեցին Թուրքիայի կողմից սիրիացի քրդերին տրվելիք անվտանգության երաշխիքներին: Այդ մասին կիրակի օրը Իսրայել կատարած այցի ընթացքում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Վաշինգտոնի հետ քրդական խնդրի շուրջ ծագած հերթական տարաձայնությունների ֆոնին Անկարան դիմում է դիվանագիտական փորձված հնարքի` կոշտացնելով դիրքորոշումը երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցերում: Այս անգամ խոսքը հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի ձեռքբերման մասին է: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Թուրքիային Patriot-ների վաճառքի պաշտոնական հավանությունը տվել էր մոտ երեք շաբաթ առաջ` դեկտեմբերի 19-ին:

«Թուրքիան կարող է ձեռք բերել Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե առաջ քաշված պայմանները մեզ համար ձեռնտու լինեն: Գործարքի կնքումը անհնարին կլինի, եթե ամերիկացիները փորձեն ստիպել Անկարային չեղարկել ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի ձեռքբերման մասին պայմանավորվածությունները: S-400 համակարգերի ձեռքբերման հարցում ամերիկյան նախապայմանները մեզ համար անընդունելի են», - հայտարարում էր Չավուշօղլուն: