Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնը այսօր Անկարայում բանակցություններ կանցկացնի Սիրիայի քրդերի հարցով


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Անկարայում այսօր կմեկնարկեն Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցությունները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Սիրիայի քրդերի հարցով:

Նախօրեին՝ Իսրայել կատարած այցի ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարել էր՝ Ամերիկան դուրս չի բերի զորքերը Սիրիայից, քանի դեռ Անկարայից երաշխիքներ չի ստացել, որ թուրքական բանակը չի հարձակվելու քրդերի վրա և կպայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

«Մենք կքննարկենք՝ որն է այն ճանապարհը, որը թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիս-արևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահի որոշումը՝ երաշխավորելով, որ «Իսլամական պետություն»-ը ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ», - ասել էր Բոլթոնը:

Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, դժվարին կլինեն: Բոլթոնի հայտարարություններին ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել էր՝ ի տարբերություն Վաշինգտոնի, որը դաշնակցում է Սիրիայի քրդերի հետ, Անկարան նրանց ահաբեկիչ է համարում և պատրաստվում է արմատախիլ անել՝ «Իսլամական պետության» զինյալների հետ:

«Պնդումները, թե Թուրքիան պայքարում է քրդերի դեմ, անտրամաբանական են», - հայտարարել էր Թուրքիայի նախագահի խոսնակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը, ընդգծելով՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում չի մոռանալու իր ազգային շահերն ու նպատակները:

Դատելով թուրքական մամուլի հրապարակումներից՝ այսօրվա բանակցություններում Անկարան փորձելու է առաջ տանել նաև Միացյալ Նահանգներում բնակվող թուրք հոգևորական, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մոլի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

«Միացյալ Նահանգները խնդրել է Թուրքիային տեղեկություններ տրամադրել Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության մասին՝ ահաբեկչական այդ խմբավորման շուրջ Վաշինգտոնում ընթացող քննության շրջանակներում», - անցած շաբաթավերջին Թվիթերում գրել էր Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը:

Ավելի քան երկու տարի է՝ Անկարան պահանջում է Նահանգներից արտահանձնել ընդդիմադիր գործչին, պնդելով, թե հենց նա է կանգնած 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ետևում: Գյուլենը կտրականապես հերքում է այս մեղադրանքները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե նրա արտահանձնման հարց չի քննարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG