Եթե եվրոպական պետությունները հանդես չգան հստակ երաշիքներով առ այն, որ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթները գործելու են անգամ Վաշինգտոնի` պայմանագիրը լքելուց հետո, ապա Թեհրանը կվերսկսի իր միջուկային ծրագրի իրագործումը: Այս մասին երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մենք հուսով ենք, որ եվրոպացիներն ի վիճակի կլինեն փոխհատուցել այն վնասները, որ կրել է Իրանը Միացյալ Նահանգների վերջին քայլերի հետևանքով: Բացի այդ, հուսով ենք, որ եվրոպական պետությունները հավատարիմ կմնան այն պարտավորություններին, որ ստանձնել են 2015-ին կնքված համաձայնագրով», - նշում էր Սալեհին` զգուշացնելով համաձայնագրին մաս կազմած երեք արևմտաեվրոպական պետությունների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին:
«Եթե եվրոպացիները կարողանան հստակ երաշխիքներ տրամադրել, կարիք չի լինի վերադառնալ այն իրավիճակին, որ առկա էր մինչև համաձայնագրի կքնումը: Բայց եթե դա չարվի, մենք կանենք այն, ինչի մասին արդեն իսկ զգուշացրել ենք` մեր միջուկային ծրագիրն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի, քան նախքան համաձայնագրի ստորագրումն էր: Նման տեխնիկական հնարավորություններ մենք ունենք», - հայտարարում էր Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը:
Շաբաթասկզբին Սալեհին հայտարարել է, որ Իրանն ի վիճակի է ընդամենը մի քանի օրվա ընթացքում վերսկսել ուրանի հարստացումը Ֆորդոյում գտնվող կենտրոնում: «Մենք ի վիճակի ենք ուրանի հաստացման մակարդակը հասցնել 20 տոկոսի», - ասել էր նա:
Ուշագրավ է, որ Ալի Աքբար Սալեհիի այս հայտարարությունները հնչեցին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դիվանագիտական շրջագայության օրերին, երբ նա բանակցում էր Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության ղեկավարների հետ` փորձելով փրկել 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը: