Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է: Անցած շաբաթ մշակութային հաստատության ղեկավար կազմի ներկայացուցչին Մայր տաճարի մուտքի մոտ փորձում էր հանդարտեցնել Տեր Վրթանեսը:
«Հարբած, բորբոքված մեկը բարձրացել է վեհափառի շիրիմին, ձեռքով էլ այդ խմբին ասում է՝ հրեք դուռը, մտեք ներս: Քաղաքավարի ասացի՝ հարգելի՛ս, իջեք, հետո զգացի, չի լսում, ստիպված բարձրացա վերև, ուսի մասից՝ շորից քաշելով իրեն իջեցրի ցած», - պատմեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը:
Նա ասաց՝ ինֆարկտ ստանալուց առաջ հենց այս հատվածում է ականատես եղել, թե ինչպես էին մի խումբ մարդիկ, այդ թվում՝ Վրեժ Դուրգարյանի հորդորով փորձում ներխուժել Մայր տաճար՝ հարվածելով դռներին, գոռգոռալով, վիրավորանքներ հնչեցնելով վեհափառի հասցեին:
«Հրահրում էր դեպի ներս մտնել հայհոյալից վանկարկումներով, քացով, բոքսով խփում էին Մայր տաճարի դռանը: Չեմ կարծում՝ այդպիսի անձնավորությունը Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն լինի էլի», - նշեց քահանան:
Օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն այսօր ողջ օրը «Ազատության» զանգերին չպատասխանեց, չկարողացանք նրանից պարզել՝ ինչո՞ւ է միացել կաթողիկոսին հեռացնելու վարչապետի օրակարգին և ինչ էր հրահանգում տաճարի դռան մոտ հավաքված ակտիվիստներին: Նրա վարքագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաև թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանից, որը նաև Վրեժ Դուրգարյանի ազգականն է:
Դուրգարյան ընտանիքի մեկ այլ անդամ՝ Հայկ Դուրգարյանն էլ ամիսներ առաջ էր պատմության մեջ հայտնվել, նրա մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել, հարուցվել էր քրեական գործ թմրանյութ իրացնելու հոդվածով: Օպերային թատրոնում ի՞նչ գործառույթներ են վերապահված վարչապետի համակիր Վրեժ Դուրգարյանին՝ կադրերի բաժնից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:
Օպերային թատրոնի փոխտնօրենի ֆեյսբուքյան էջից ևս հնարավոր չէ մշակութային օջախում նրա գործունեության և գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմել: Փոխարենը շատ հստակ երևում է, որ Վրեժ Դուրգարյանը վարչապետի գաղափարական հետևորդն է, կիսվել է Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի ու ընտանիքի տասնյակ հրապարակումներով՝ չմոռանալով անգամ նախընտրական պաստառներն ու բուկլետները:
Երգահան Լիլիթ Բլեյանը դժվարանում է հավատալ, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էր Մայր տաճարի մուտքի մոտ գոռգոռում ու մարդկանց առաջ շարժվելու հրահանգներ տալիս:
«Եթե սովորական քաղաքացին Էջմիածնի տաճարի վրա գրոհի պահին է իմանում, որ ինքն ունի օպերային թատրոնի տնօրեն՝ այս ինչ անուն-ազգանունով, նույնիսկ մարդիկ, որոնք մշակույթի մեծ երկրպագուներ են և չեն ճանաչում որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, այլ ճանաչում են որպես այսինչ քաղաքական համակրանքները կրող և այդ քաղաքական ուժի հրահանգները կատարող անձնավորություն, դա արդեն նշանակում է, որ առողջ չէ այն, ինչ կատարվում է», - նշեց նա:
«Նշանակում է՝ մենք հասել ենք մի կետի, երբ թույլատրելիի ու անթույլատրելիի սահմաններն արդեն խախտվել են և խախտվել են իշխանությունների հրահանգով», - հավելեց երգահանը:
Մայր Աթոռում հավաքվելու կոչ արել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները, վարչապետը պնդել էր՝ նրանց չի ուղղորդել, բայց ողջունել և իր աջակցությունն էր հայտնել: Նիկոլ Փաշինյանն անձամբ Մայր Աթոռ չէր գնացել, թեև Գարեգին Երկրորդի դեմ պայքարող ակտիվ ՔՊ-ականներ կային Էջմիածնում, օրինակ՝ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը:
«Մեկ կիրակի ընդամենը Փաշինյանը տեխնիկապես հնարավորություն չուներ գնալու հերթական եկեղեցու ասպատակությանը և այնտեղ իրականացնելու իր ճաշակին, քիմքին համապատասխան միջոցառում, և ոչ ոք իր թիմից և այն նույն խմբերից, որ գրոհում էին Մայր տաճարը, չգնացին այդ գործողություններին: Ստացվում է, որ մարդիկ այդ ամեն ինչը անում են հրահանգով, թելադրանքով, մի մասը՝ ստիպողաբար, մի մասը՝ գտնվելով ընդհանուր այս մթնոլորտի ազդեցության տակ», - նկատեց Բլեյանը:
Թե՛ օպերային թատրոնի փոխտնօրենի, թե՛ ՔՊ-ական Տավրոս Սափեյանի գործողությունների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հենց Մայր Աթոռում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին: Թե ինչ ընթացք է տրվել ընդդիմադիր պատգամավորի հաղորդմանը, Ներքին գործերի նախարարությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: