Ռուսական բանակը ուրբաթ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքին, առնվազն 8 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել:
Նահանգապետ Օլեգ Կիպերի փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով կայանատեղիում այրվել են բեռնատարներ:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ զոհերի և վիրավորների մի մասը պայթյունի էպիկենտրոնում հայտնված ավտոբուսում էին:
Նախօրեին ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սև և Միջերկրական ծովերում ռուսական «ստվերային նավատորմի» նավերի վրա ուկրաինական ծովային դրոնների գրոհների վերաբերյալ հարցին արձագանքել էր, թե դրանք «դատապարտելի են», և Ռուսաստանի կողմից «անպայման պատասխան կլինի»:
Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքի վրա, հոսանքազրկվել են երեք շրջանների բնակավայրեր, զոհեր և վիրավորներ չկան:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյաներով՝ գիշերը Ռուսաստանը գրոհել է երեք «Իսկանդեր» հրթիռներով և հինգ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերով: 31 անօդաչուներ խոցվել կամ վնասազերծվել են, 20-ը հարվածներ են հասցրել 15 վայրերում: