ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ շուտով մի համապարփակ համաձայնագիր կլինի, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, թե չի կարող ներկայացնել Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպման մանրամասները, սակայն վստահեցրել է՝ բոլորը գոհ կլինեն այդ համաձայնագրից:
«Դա կլինի համապարփակ համաձայնագիր, և չի վերաբերի միայն Ուկրաինային ... ես նույնիսկ կասեի, որ այն կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային: Դա կլինի հիանալի համաձայնագիր, և բոլորը գոհ կլինեն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ի՞նչ է նոր համաձայնագիրը նախատեսում
Մինչ այդ էլ Թրամփի հատուկ բանագնաց էր հայտարարել, որ ԱՄՆ-ն համագործակցում է Կիևի և Մոսկվայի հետ և այժմ կենտրոնացած է անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա: Ըստ Ջարեդ Քուշների՝ առաջարկվող շրջանակը ներառում է անվտանգության շուրջ մշտական խորհրդակցություններ, փոխադարձ քայլեր՝ էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու համար, և եվրոպական անվտանգության և կայունության երկարաժամկետ պայմանավորվածություն։
Քուշները նշել է, որ անվտանգության նոր համակարգում կհարգվի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ոչ մի երկիր չի ունենա վետոյի իրավունք՝ որոշելու, թե մյուս երկիրն ինչ դաշինքների կարող է միանալ, կամ անվտանգային ինչ համակարգ է ընտրում։ Իսկ ՆԱՏՕ-ն կշարունակի կարևոր դեր ունենալ Եվրոպայի պաշտպանության գործում։
Վաշինգտոնից այս հայտարարությունները հնչում են Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված եռակողմ հանդիպումներից առաջ, որոնց ընթացքում Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն կքննարկեն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցեր:
Մոսկվան դժգոհ է Եվրոպայից
Մոսկվան դրական է գնահատել Թրամփի և Դմիտրիևի հանդիպումը: Կրեմլի խոսնակն ասել է, որ ինչ-որ պահի քննարկումը կվերաբերի նաև Եվրոպայի անվտանգությանը: Հետևաբար, ըստ Դմիտրի Պեսկովի, անհրաժեշտ կլինի, որ եվրոպացիները ևս մասնակցեն քննարկումներին: Պեսկովը, սակայն, դժգոհել է, որ Եվրոպան դեռ չի կողմնորոշվել, թե ով է իրենց անունից բանակցելու:
«Հետևաբար, անհրաժեշտ կլինի նաև քննարկում եվրոպացիների հետ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք դեռ չեն կարողացել որոշել, թե ով կարող է խոսել իրենց անունից։ Այսպիսով, տեսնում ենք, որ տևական ժամանակ նրանք չունեն վճռականություն և պատրաստ չեն»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Մելանյա Թրամփն ընդունել է ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Ու մինչ կողմերը պատրաստվում են Աբու Դաբիի հանդիպմանը, ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևին, Ուկրաինայի իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններին: Հենց նրանք էին ղեկավարել ռուսական զինուժի կողմից ավելի քան չորս տարի օկուպացված Օլեշկիում հումանիտար առաքելությունը, որի շրջանակում մոտ 800 մարդ տարհանվեց:
Այս առաքելությունը հնարավոր դարձավ Մելանյա Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ: Առաջին տիկինը հույս է հայտնել, որ Օլեշկիի նախադեպը հիմք կդառնա «ավելի երկարատև խաղաղության»։
«Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի կայուն բան, քան ժամանակավոր հրադադարն է։ Եկեք օգտագործենք Օլեշկին որպես մի կայծ խավարի այս աշխարհում, որը կարող է լուսավորել մարդկության լավագույն կողմերը»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին ուղղված նամակներ է հանձնել Կիրիլ Դմիտրիևին և Դավիթ Արախամիային: