Մատչելիության հղումներ

Մելանյա Թրամփն ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներին ուղղված նամակներ է հանձնում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին (ձախից) և Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության առաջնորդ Դավիթ Արախամիային, 5-ը նոյեմբերի, 2026թ., Սպիտակ տուն
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներին ուղղված նամակներ է հանձնում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին (ձախից) և Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության առաջնորդ Դավիթ Արախամիային, 5-ը նոյեմբերի, 2026թ., Սպիտակ տուն

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երեկ Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Առաջին տիկինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Օլեշկի քաղաքում իր միջնորդությամբ կնքված վեցօրյա հրադադարը կհանգեցնի «ավելի երկարատև խաղաղության»։

«Հուսով եմ՝ Օլեշկիի փորձը կծառայի որպես խթան ավելի երկարատև խաղաղության համար։ Ցանկացած էական փոփոխություն սկսվում է փոքր կայծից», - AFP-ն մեջբերում է նրա խոսքերը։

Մելանյա Թրամփը կարծում է, որ ԱՄՆ մասնակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները «կարող են ստեղծել ավելի երկարատև մի բան, քան պարզապես ժամանակավոր հրադադարն է»։

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում իրականացված մարդասիրական առաքելության շրջանակում 750-ից ավելի մարդ է տարհանվել քաղաքից, որը ռուսական օկուպացիայի տակ է արդեն մի քանի տարի:

Առաջին տիկինը հատուկ ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի դերը այս առաքելության իրականացման հարցում, առանց որոնց «Օլեշկիում հրադադարը հնարավոր չէր լինի»։

«Նրանց համագործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման համար», - ասել է նա և հավելել, որ անձնական նամակներ է գրել երկու առաջնորդներին, որոնք կփոխանցի երկու երկրների ներկայացուցիչների միջոցով։

Հանդիպմանը եղել են նաև ՌԴ-ի և Ուկրաինայի ՄԻՊ-երը

Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկնոջ հետ հանդիպմանը Ռուսաստանից և Ուկրաինայից մասնակցել է երկուական ներկայացուցիչ: Մոսկվան ներկայացնում էին իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Կիևը ներկայացնում էին Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Լյուբինեցն ԱՄՆ առաջին տիկնոջը հանձնել է Օլգա իշխանուհու 1-ին աստիճանի շքանշանը, որը նրան շնորհել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ օրը, իսկ Դմիտրիևը նրան նվիրել է Օլեշկիից մի աղջկա նկար՝ ապակու տակ շրջանակված։

Հրադադար Օլեշկիում

Օլեշկիում և հարակից շրջաններում հրադադարը սկսվել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների արդյունք էր, որոնց միջնորդել էր Մելանյա Թրամփը, ում Մոսկվան և Կիևը բնութագրում են որպես հրադադարի կնքման գործում գլխավոր միջնորդ։

ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ մոտ 800 մարդ, որոնք ցանկանում էին լքել առաջնագծի մոտ գտնվող քաղաքը դեպի Ռուսաստան և Ուկրաինա, տարհանվել է։ Մարդասիրական օգնություն է տրամադրվել նրանց, ովքեր ցանկանում էին մնալ Օլեշկիում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG