ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կկնքվի համապարփակ համաձայնագիր, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլ կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։
Թրամփը Սպիտակ տանը հայտնել է, որ հանդիպել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։
«Չեմ կարող ձեզ ասել, թե կոնկրետ ինչ ենք քննարկել [Դմիտրիևի հետ – խմբ.]: Ես պարզապես ասում եմ ձեզ, որ համաձայնագիր կլինի: Դա կլինի խոշոր համաձայնագիր, և այն չի վերաբերի միայն Ուկրաինային: Այն կլինի շատ լայնածավալ ... և ես նույնիսկ կասեի, որ այն կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային: Դա կլինի խոշոր, հրաշալի համաձայնագիր, և բոլորը գոհ կլինեն», - ասել է նա:
Թրամփի հայտարարությունը հնչում է Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կքննարկեն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո անվտանգությունն ապահովելուն վերաբերող հարցեր:
Դմիտրիևը Միացյալ Նահանգներում է առաջին տիկին Մելանյա Թրամփի հրավերով։ Նա ելույթ է ունեցել Օլեշկիում մարդասիրական գործողությանը նվիրված հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Կիևը ներկայացնող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Հոկտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, որ մոտ են Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն։ «Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրին, ինչը ես նախկինում չեմ ասել։ Ինչպես գիտեք, երկու առաջնորդների միջև հսկայական թշնամանք կա։ Բայց կարծում եմ՝ կա շատ մեծ հավանականություն, որ մենք կկարողանանք լուծել նաև այս հարցը։ Մենք այժմ աշխատում ենք բազմաթիվ համաձայնագրերի վրա»,- ասել էր նա։
Երեկ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն ու փեսան՝ Ջարեդ Քուշներն էր սոցցանցում գրել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում ԱՄՆ-ն համագործակցում է հակամարտության երկու կողմերի հետ և այժմ կենտրոնացած է անվտանգության ավելի լայն ճարտարապետության ստեղծման վրա:
«Նախագահի ցուցումով մենք ջանասիրաբար աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ երկարատև խաղաղության ուղի գտնելու համար։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն այս սարսափելի պատերազմն ավարտելու, այլև ավելի լայն անվտանգության ճարտարապետության կառուցման վրա, որն անհրաժեշտ է՝ ապահովելու համար, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո դրանք երբեք չվերսկսվեն», - գրել էր Քուշները X-ում:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է վերացնել դրա արմատական պատճառները։ Նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության պայմաններից մեկը նշել է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետություններից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։