Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կասկածի տակ է դնում ընդդիմության քվեների լեգիտիմությունը, բայց ՍԴ դիմելու հարցում հստակ դիրքորոշում չի հայտնում:
Չնայած իշխանական թիմի պնդումներին, թե ընդդիմությունը ձայների հիմնական մասն ստացել ընտրակաշառքով, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ իրենք դեմ են հունիսի 7-ի ընտրության արդյունքների չեղարկմանն ու նոր ընտրությունների նշանակմանը:
«Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե պետք է ուղղակի այդ ուժերի գրանցումը չեղյալ համարվեր, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում, բոլորը տեսել են դա: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, եթե հարցնում ենք՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ ընտրությունները չեղյալ համարվեն, ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորել ենք կառավարություն», - ասաց Ռուբինյանը:
Ընդդիմադիր երեք ուժերի օգտին ավելի քան կես միլիոն մարդ է քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պնդում են՝ այս արդյունքի վրա էական ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը։
«Խորհրդարան անցած ուժերից որևէ մեկն անցողիկ շեմը չէր հաղթահարի, եթե չլիներ ընտրակաշառքը: Ստացվում է, որ մինչև 8 տոկոս այդ երկու ուժերը ձայն կարող էին հավաքել, եթե ընտրակաշառքի գործոնը չլիներ», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Ընտրություններից առաջ իշխանական վերնախավը վստահեցնում էր՝ 2026-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հեշտությամբ հաղթահարելու է 50 տոկոսի շեմը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անգամ պատրաստակամություն էր հայտնել այդ հարցով գրազ գալ բոլոր նրանց հետ, ովքեր կասկածում էին իշխանության հաղթանակին:
Չնայած բացարձակ թվերով «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսի 7-ին ավելի շատ քվե է ստացել, քան 2021 թվականին, տոկոսային հարաբերակցությամբ արձանագրվել է վստահության անկում: 2021-ի 688 հազար քվեի դիմաց այս ընտրություններին իշխող ուժի օգտին քվեարկել է 727 հազար քաղաքացի, սակայն ընդհանուր տոկոսը 54-ից նվազել է՝ հասնելով 49.74 տոկոսի: Այս ցուցանիշների համար պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրեց ընդդիմությանը:
«Իմ ընկալմամբ մեր ակնկալվող թվով ձայներ էլ մենք ստացել ենք, ուրիշ բան, որ ընտրակաշառքներով ու արտերկրից բերված քաղաքացիների հսկայական ծավալներով այդ տոկոսն ընդհանուր հարաբերակցության մեջ պակասել է, բայց այնուամենայնիվ գերակնհայտ է, որ նախորդ ընտրությունների 680 հազար քվեի փոխարեն մենք ստացել ենք 726 հազար», - ասաց Ալեքսանյանը:
Թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային հարաբերակցությամբ այս ընտրություններին աճել են ընդդիմության ձայները: Եթե 2021 թվականին խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները միասին ստացել էին մոտ 336 հազար քվե կամ ընտրողների ավելի քան 26 տոկոսի աջակցությունը, ապա այս անգամ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերը միասին հավաքել են շուրջ 543 հազար ձայն՝ ստանալով ընտրողների մոտ 37.18 տոկոսի քվեն:
Վերջնական արդյունքների ամփոփումից հետո ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան, սա վճռորոշ եղավ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» համար: Կուսակցությունը խորհրդարանում կունենա պատգամավորական մանդատների 3/5-ը: ՔՊ-ի համար մտահոգիչ չէ՞, որ դիտորդների կողմից ապօրինի որակված ԿԸՀ որոշման արդյունքում իրենք ստացան 3/5-ը:
«Օդում մշտապես, ցավոք սրտի, մնալու է այն հարցը, թե ո՞նց «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը ու ԲՀԿ-ն հասան մինչև արդյունքների ամփոփում ու ինչո՞ւ ավելի վաղ նրանց մասնակցությունը չասեցվեց այդ ընտրակաշառքի հսկայածավալ բաների բերումով: Ավելի շատ հետաքրքիր է իմ ասած հարցը, որովհետև առհասարակ, կներեք, բայց ԲՀԿ-ն չպիտի էլ հասներ արդյունքների ամփոփման փուլի, որ մի հատ էլ ասեր՝ «իմ ձայները սենց մի հաշվեք», - նշեց Վահագն Ալեքսանյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկայում նախատեսում է օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի ընտրակաշառք բաժանած ուժերը դուրս մնան քաղաքական գործընթացներից, կխստացնեն ընտրակաշառք տալու և վերցնելու պատժաչափերը, հնարավոր է արգելվի նաև Հայաստանից բացակայողների քվեարկությունը: ՔՊ-ականները չեն բացառում, որ այս փոփոխությունները կընդունեն մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: