«Ընտիր Է, բոմբ». Հիսուսի արձանով առայժմ շինարարներն են հիացած

Հիսուսի արձանով հիացողներն աշխարհի տարբեր անկյուններից եկող միլիոնավոր զբոսաշրջիկները չեն, այլ Դավթաշենի ծայրամասի շինարարները: «Ազատության» հետ զրույցում խոսելով արձանից, շինարարները նշում էին. «Ընտիր է, բոմբ, էս գլուխգործոցը ո՞նց կարող է չհավանես», «Սա գեղեցկություն է, հրաշք», «Շատ տպավորիչ է, դեմքն ուժեղ են սարքել»:

Ազգային Անվտանգության ծառայության շենքի նկուղում պահվող Գագիկ Ծառուկյանի ուշքն ու միտքն էլ է Փրկիչը,- այդպես ասաց դատական վերջին նիստի ժամանակ. «Անազատության մեջ էլի այդ մասին եմ մտածում, դա մեր երկրին ճանաչում կտա»:

Աշխարհն էլ է, ըստ նրա, անհամբեր սպասում այս պատմական իրադարձությանը, թե երբ Հիսուսի արձանը վեր կխոյանա Հատիսի գագաթին:

Այսօր հայտնի է այն, որ Հատիսի տարածքում շինարարություն չկա. այն կոնսերվացված է. «Պատճառաբանում են եղանակը, լիքը պատճառներ կան բոլորիս հայտնի»,- ասում է Ակունք համայնքի վարչական ղեկավար Հունան Ռուբենյանը:

Ակունք համայնքում, որի կազմում 8 գյուղեր են՝ Հատիսի փեշերին, ամենաշատն են սպասում Հիսուսի գալստյանը: Վարչական ղեկավար Հունան Ռուբենյանն ասում է՝ զբոսաշրջային հոսքերի սպասող բնակիչները դեռ ոգևորված են, բայց անհանգստացնող նշաններ կան, նշում է. «Այդ հողերի առքուվաճառքը սառել է»:

Փրկչի արձան-համալիրին մոտ համայնքներում մի քանի տարի առաջ գյուղնշանակության հողի մեկ քառակուսին 2-3 դոլար էր, հենց Ծառուկյանը հայտարարեց իր բառով՝ «մեգանախագծի» մասին, գները «թռան» մինչև 60 դոլար: Հիմա, որքան ձգվում է Ծառուկյանի կալանքը, այնքան գները ընկնում են:

Արդյոք խնդիրներ կան շինաշխատանքների հետ կապված, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ժամանակ չգտավ տեղեկություն տրամադրելու: «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» ղեկավարներից Արայիկ Կեսոյանը հույս հայտնեց, որ շինաշխատանքները կվերսկսվեն. «Աստծո հաջողությամբ, գարունը բացվի, կսկսենք էլի»:

Հայտնի է՝ Ծառուկյանի կալանավորումից հետո կապարակնքվեցին նրան պատկանող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Մուլտի Սթոունը», որը քարեր էր մատակարարում դեպի Հատիս: Նախագծի հետ կապված այլ պայմանավորվածություններ, որ հնարավոր է ՝ չեղարկվել են Ծառուկյանի բանտում գտնվելուց հետո:

Հատիսի տարածքում նաև Նոյան Տապան կառուցելու պլանը, կարծես թե, ընդհանրապես ձախողվել է: Ակունքի վարչական ղեկավարն ասաց՝ նույնիսկ տարածքի տրամադրման հարցը լուծված չէ, այնինչ Նոյն ու հարազատները պատվիրված էին. «Պատվիրել եմ նավը՝ 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, տղաները, հարսներն ու կենդանիներն արդեն պատվիրած են»,- ավելի վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:

Բայց տարածքը, որտեղ պիտի բարձրանա ու ամրապնդվի Հիսուսը, պատրաստ է 70 տոկոսով,- ասում են Ակունքում: Պատվանդանը, թանգարանային հատվածը՝ պատկերազարդ սյուներով վիտրաժային պատկերներով՝ կան, ամիսների գործ է մնացել:

Իսկ արձանն ամբողջությամբ պատրաստ է, ճիշտ է, մարմնի վերին հատվածն ու փեշերն առանձնացված են, բայց միացնելու կարիք էլ չկա, քանի դեռ Հիսուսի վերելքը դեպի Հատիս ձգձգվում է:

Փրկչի արձանը մասնատված է, բայց շինարարները պատմում են, որ շատ-շատ է հետաքրքրում տարածքով անցնողներին. կանգնում, նկարում ու նկարվում են, երազանքներ փայփայում շուրջ 20 տոննայանոց հայացքի ներքո:

Թե՛ Հատիսի փեշերի գյուղերում, ու թե՛ Դավթաշենի ծայրամասում չեն կասկածում, որ Փրկիչն ի վերջո տեղ կհասնի: Գուցե ոչ որպես Ծառուկյանի նվիրական մեգանախագիծ, այլ պետության կառավարմանը հանձնված արձան:

Ստորև առաջարկում ենք դիտել «Թեմա»-ի հերթական թողարկումը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը հետևած իրադարձությունների՝ նրա բիզնես կայսրության, կիսատ մնացած Հիսուսի արձանի և անկած կենդանիների մասին:

​
XS
SM
MD
LG