Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդն այսօր Վրաստանի պատրիարք ընտրեց պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիոյին (Մուջիրի)։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նորընտիր պատրիարքը 57 տարեկան է։ Մինչև 1993 թվականը՝ վանական երդում տալը, նա սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում, 1999 թվականին ավարտել է Բաթումիի աստվածաբանական սեմինարիան, ապա շարունակել է իր աստվածաբանական կրթությունը Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում և Սուրբ Տիխոնի անվան ուղղափառ հումանիտար համալսարանում։
2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի կողմից ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010-ին ստացել է մետրոպոլիտի աստիճան։
2017 թվականին կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հրամանագրով մետրոպոլիտ Շիոն նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։
Այս ընտրությունները կազմակերպվեցին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվանից հետո․ նա մահկանացուն կնքել էր մարտի 17-ին՝ 93 տարեկանում։