Մատչելիության հղումներ

Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար

Լրացված

Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից: Թե որ երկրից, չի հստակեցվում։

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանը, իբր, Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի համար։

Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ անցած ամսվա վերջին ադրբեջանական Գաբալա քաղաքում են կողմերը նավթի արտահանման թեմային անդրադարձել։

XS
SM
MD
LG