Մատչելիության հղումներ

Վիճակագրությունը վերստին հաստատում է՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը զիջում է

Տեքստիլի արտադրություն Հայաստանում, արխիվ
Տեքստիլի արտադրություն Հայաստանում, արխիվ

2025 թվականին Հայաստանում պետական եկամուտներն ընդհանուր առմամբ շուրջ 7.2 միլիարդ դոլար են կազմել։ Առյուծի բաժինը՝ մոտ 72 տոկոսը, վճարել են հազար խոշոր հարկատուները՝ ավելի քան 5.1 միլիարդ դոլար։ Այս վիճակագրությունը վերահաստատում է՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը զիջում է՝ առաջատար դիրքերը թողնելով առևտրով զբաղվողներին, ֆինանսական կազմակերպություններին և ընդհանուր առմամբ ծառայությունների ոլորտին։

«Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ, մեր երկիրը այցելող զբոսաշրջիկների թիվը բազմապատկվի, ապահովվեն շարունակական ներդրումային հոսքեր, ծնվեն նոր գործարար գաղափարներ». - էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ամանորյա մաղթանքն իրականություն դարձնելու համար կառուցվածքային փոփոխություններ են պետք։ Արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը պետք է մեծանա, սակայն տասը ամենախոշոր ընկերություններից արտադրական կամ արդյունաբերական են միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակո»-ն և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը։ Մյուսները կա՛մ առևտրով են զբաղվում, կա՛մ ծառայություններ մատուցում։

Առաջատարը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո թռիչքաձև աճող «Մոբայլ Սենթր Արթ»-ն է։ Տասնյակում միանգամից երկու բանկ կա՝ «Արդշինբանկ»-ն ու «Ինեկոբանկ»-ը։ Երկուսը բուքմեյքերական ընկերություններ են։ Տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն ու վառելիք վաճառող «ՍիՓիԷս Էներջի Գրուպ»-ը։ Տասը խոշորներն անցած տարի ընդհանուր մոտ 1.1 միլիարդ դոլար են փոխանցել պետական բյուջե, որից արդյունաբերական երեք ընկերությունների վճարը 380 միլիոն է կազմել։

«Հայաստանում գործարաններ կառուցվել և կառուցվում են», - հայտարարում է էկոնոմիկայի նախարարը:

Հարյուր խոշոր ընկերությունների շարքում երեք տասնյակից պակաս են արդյունաբերական բիզնեսները՝ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների արտադրությունից մինչև հանքարդյունաբերություն ու շինանյութի արտադրություն։

Հայաստանի ամենամեծ հարյուր ընկերությունները 2025-ին մոտ 3.3 միլիարդ դոլար են վճարել։ Դրա մեջ արդյունաբերական ճյուղի մասնակցությունը 550 միլիոն դոլարի էլ չի հասնում։ Եթե այս ցանկում չներառենք հանքարդյունաբերական ընկերությունները՝ թողնելով միայն տարբեր ապրանքներ արտադրողներին, թիվն է՛լ ավելի փոքր կլինի։

«Մեր երկրում մշակող արդյունաբերությունը կարևոր է, գործարաններ պետք է լինեն», - պնդում է նախարար Պապոյանը:

Հարյուրյակում տեղ գտած բանկերն ու երեք բուքմեյքերական ընկերությունները միասին ավելի շատ են վճարել, քան շոշափելի ապրանք արտադրող ավելի քան երկու տասնյակ ընկերությունները։ «Սոֆթ Կոնստրակտ»-ն, օրինակ, ավելի մեծ մասնակցություն ունի, քան «Գրանդ Քենդի»-ն, «Աթենք»-ն ու Երևանի կոնյակի գործարանը միասին։

Բանկերի շարքում ամենամեծ ցուցանիշն ունեցող «Արդշինբանկ»-ը գերազանցում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ին, «Ջերմուկ Գրուպ»-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանին, «Երևանի գարեջրին» միասին։ Այսպիսի համեմատությունների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։

Այս պահին պաշտոնապես հրապարակված են 2025-ի երրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի տվյալները։ Ըստ այդմ՝ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության կառուցվածքում 10 տոկոսից էլ պակաս է։ Շինարարության, առևտրի, ֆինանսական ծառայությունների ոլորտներն ավելի արագ տեմպերով են աճում։

«Կան երկրներ, որտեղ շատ գործարաններ կան, աշխատում են բազմաթիվ մարդիկ, այդ մարդիկ, օրինակ, ստանում են, աշխատում են 12 ժամ, 16 ժամ երբեմն, 14 ժամ, ստանում են 100 դոլար, 150 դոլար ամսական». - թե որ երկրները նկատի ուներ Գևորգ Պապոյանը, պարզ չէ: Եթե նպատակը Հայաստանը եվրոպական տնտեսության միջին մակարդակի հասցնելն է, ապա Համաշխարհային բանկի տվյալները վկայում են, որ Եվրամիությունում մշակող արդյունաբերության կշիռն ավելի մեծ է, միջինը՝ 14 տոկոս։

XS
SM
MD
LG