Մատչելիության հղումներ

Արշակ արքեպիսկոպոսը կշարունակի մնալ կալանքի տակ


Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ պաշտպանի բողոքը: Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Արշակ արքեպիսկոպոսին Քննչականը ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց դեկտեմբերի սկզբին՝ յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում:

Վերաքննիչ դատարանը հունվարի 5-ին հետաձգել էր կալանքի դեմ միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակումը:

Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ ՔԿ-ի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:

Արշակ սրբազանից բացի, բանտում են նաև Շիրակի, Արագածոտնի թեմերի առաջնորդները, Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը:


XS
SM
MD
LG