Մատչելիության հղումներ

«Վերաքննիչից հույս չունենք». հունվարի 12-ին պարզ կդառնա՝ Արշակ Սրբազանն ազատ կարձակվի, թե՝ ոչ


Վերաքննիչ դատարանն այսօր անսպասելի հետաձգեց վճռի հրապարակումը, որից պարզ կդառնար՝ Մայր Աթոռի առանցքային հոգևորականներից մեկը՝ դիվանապետը կշարունակի մնալ բանտում, թե ազատ կարձակվի:

Որոշումը սպասվում էր այսօր երեկոյան, բայց նրա երկամսյա կալանքը բողոքարկած փաստաբաններին դատարանից տեղեկացրել են հետաձգման մասին, պատճառը չի հանրայնացվել: Այն կհրապարակվի հունվարի 12-ին՝ գրավոր:

«Սրբազանների պարագայում՝ և՛ Բագրատ Սրբազանի, և՛ Արշակ Սրբազանի, և՛ Միքայել Սրբազանի, և՛ Մկրտիչ Սրբազանի պարագայում սա քաղաքական պատվեր ու քաղաքական խնդիր է, որ իրենք լինեն անազատության մեջ, որպեսզի այն գործողությունները, որ այսօր իրականացվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ու տիրադավների կողմից, հաջողվի ի կատար ածել», - ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին քննչականը մեկ ամիս առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում: Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով, մեծ հույսեր վերաքննիչից չունեն:

«Ներկայիս երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով և դատական իշխանության համակարգը հաշվի առնելով, ինչպես նաև, թե ում է մակագրվել, անկեղծ ասած հույս չկա», - նշեց նա:

Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ քննչականի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:

«Կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ, որևէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ես ոչ այն տարիքում եմ, ոչ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ», - ասել է Արշակ արքեպիսկոպոսը:

Քննչականը յոթ տարվա վաղեմության այս գործն ակտիվացրեց Մայր Աթոռի դիվանապետի այս հայտարարությունից երեք օր անց:

Արշակ արքեպիսկոպոսի փաստաբանները հերքում են մեղադրանքը. «Ընդհանրապես ապացույցներ չկան, ավելին, այն մեղադրանքը, որ առաջադրվել է Արշակ Սրբազանին, ընդամենն անունը փոխելով յուրաքանչյուրին կարող էին առաջադրել, որովհետև իր կապն այդ դեպքի հետ.... նույն ձև կարող էին հիմնավորել ուրիշի կապը, այդքան մերկ ու դատարկ քրեական գործ է»:

Եթե բարձրաստիճան հոգևորականին վերագրվող թմրամիջոցի իրացման գործի քննությունը մոտենում է ավարտին, նույն արագությամբ չի քննվում Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի գործը:

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել». ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը նման մի գրառում էր արել, ինչից հետո համացանցում հայտնվել էր մի ինտիմ տեսանյութ, որը վերագրվեց Արշակ սրբազանին:

Բարձրաստիճան հոգևորականը շտապեց հերքել՝ «ես չեմ կադրերում», ասաց՝ չի խախտվել իր անձնական կյանքի գաղտնիությունը, բայց Քննչականը քրեական գործ հարուցեց հենց այդ հոդվածով ու մինչև հիմա էլ փորձում է պարզել հենց այդ հարցը: Սակայն փաստաբանները շարունակում են պնդել՝ իրավապահները պետք է բացահայտեն ու պատասխանատվության ենթարկեն կեղծ տեսանյութի հեղինակներին:

Արշակ Սրբազանը մյուս՝ ահաբեկչության նախապատրաստության համար մեղադրվող Բագրատ սրբազանի հետ պահվում է ԱԱԾ շենքի բանտում:

Նրանք այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել են. «2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է՛լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան»:

Արշակ և Բագրատ սրբազաններից բացի, բանտում են նաև Շիրակի և Արագածոտնի թեմերի առաջնորդները:

XS
SM
MD
LG